Հիսնապետը կանչել է տասնապետին. Փաշինյանը ներկայացրել է պետական հին համակարգի կառուցվածքը

Այսօր, վարչապետի խոսքով, երբ իշխանությունը ժողովրդի հետ ուղիղ է խոսում, այս համակարգն արդեն իրեն սպառել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Եղել է երկրի ղեկավար, ով աշխատել է հազարապետների հետ, հազարապետներն աշխատել են հարյուրապետների հետ, հարյուրապետները` հիսնապետների, հիսնապետներն էլ կանչել են տասնապետներին։ Այսօր հրավիրված ասուլիսում, խոսելով պետական համակարգի օպտիմալացման ու կրճատման մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` այսկերպ ներկայացնելով այդ համակարգի աշխատանքի սկզբունքը նախորդ իշխանությունների օրոք։

Փաշինյանը բացահայտել է Մեղրիում նախորդ իշխանությունների կատարած կասկածելի գործարքները

«Քանի որ իշխանությունը լեգիտիմություն չի ունեցել, աշխատել է պայմանական ասած` հազարապետների հետ։ Ասել է` ժողովուրդ ջան, սա ձեզ այսքան փող, սա էլ ձեզ տարածք օպերայի մոտ, պետք է այսպիսի մի հարց լուծել։ Նրանք էլ կանչել են հարյուրապետներին, ասել են` էս ձեզ բաժին, գնացեք այդ հարցը լուծեք։ Նրանք էլ կանչել են հիսնապետներին` ասել են այս հարցը լուծեք` կրիմինիալի միջոցով, ոստիկանության, ԱԱԾ–ի, կեսին խաբելով, կեսին սիրաշահելով, մեկին պետական համակարգում գործի ընդունելով»,– ասաց Փաշինյանը։

Այսօր, նրա խոսքով, երբ իշխանությունը ժողովրդի հետ ուղիղ է խոսում, այս համակարգն արդեն իրեն սպառել է, հարյուրապետների ու հիսնապետների կարիքն այլևս չկա։ Բայց նրանք շարունակում են աղմկել` հուսով, որ իշխանությունը կկանչի ու կասի` երեխա չունես, տանենք հարկայինում տեղավորենք, միայն մի հայհոյիր։

«Հայաստանում կա վարչապետ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն ընկալում է որպես իր ընտանիքի անդամ, որոնց մեջ կարող են լինել տարընկալումներ, բայց դրանից վիճակը չի փոխվում»,– ասաց նա` հիշեցնելով, որ իրեն ժողովուրդն է ընտրել ու դրել վարչապետի պաշտոնում։

Նշենք, որ օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցներն մարտի 14–ին բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։