Իրականում ինչ հիվանդություն է ունեցել Յուլյա Նաչալովան. բժիշկը հերքել է լուրերը

Յուլյա Նաչալովային բուժող բժիշկը պատմել է նրա առողջության մասին և հերքել բազմաթիվ հիվանդությունների մասին լուրերը. երգչուհին դիաբետ և գայլախտ չի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան լավ բուժում էր անցել և լիովին առողջ էր։ Երգչուհու բժիշկ Վասիլի Շուրովն այս մասին ասել է «Կոսմոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում։

«Յուլյան կես տարի առաջ էր բուժում անցել։ Հիմա խոսում են ալկոհոլի, թմրանյութերի մասին։ Ես ինքս նարկոլոգ եմ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չի եղել», – ասել է Շուրովը։

Նրա խոսքով` երգչուհին կախվածություն չի ունեցել, թմրանյութեր չի օգտագործել։ Նա բուժել է հոդատապը (պոդագրա) ։

«Ուշաթափվել է, որից հետո գնացել է կլինիկա նյարդաբանի մոտ։ Բայց արդեն կլինիկայում պարզվել է, որ նյարդաբան պետք չէ, նրա երիկամների ֆունկցիան է խանգարված եղել` որպես հոդատապի հետևանք», – ասել է բժիշկը։

Ո՞ւմ հետ կապրի Յուլյա Նաչալովայի դուստրը. տատն ու պապը թոռանը չեն ասել մոր մասին

Նա հերքել է ԶԼՄ–ների հրապարակումներն այն մասին, թե Նաչալովան հիվանդությունների փունջ է ունեցել` և՛ շաքարախտ, և՛ գայլախտ, և՛ հոդատապ։

«Նա ո՛չ շաքարախտ է ունեցել, ո՛չ գայլախտ։ Ենթաստամոքսային գեղձը շատ լավ վիճակում է եղել, գլյուկոզան` նորմայի մեջ, եթե միայն այդ կես տարում արտառոց ոչ մի բան չի եղել, և հիվանդությունն անսպասելի չի առաջացել», – նշել է բժիշկը։

Շուրովը վստահեցրել է, որ դեռ կես տարի առաջ Յուլյան ծանր հիվանդ չի եղել` հոդատապը չհաշված։

Բժիշկը նշել է, որ նույնիսկ եթե երգչուհին դիաբետ է ձեռք բերել, ապա դա չէր կարող կես տարում հանգեցնել փտախտի և անդամահատման։

«Ամենասարսափելին այն է, որ Յուլյային սպանել է պատահականությունը։ Ոտքը հարվել է, վարակ է թափանցել, փտախտ է զարգացել։ Մենք մինչև վերջ չէինք մտածում, որ ամեն ինչ այսպես կավարտվի», – հաղորդել է Շուրովը։

Յուլյա Նաչալովայի վերջին նկարահանումը և խորհուրդները «Ты супер!»-ի մասնակցին. տեսանյութ

Նրա խոսքով` Յուլյան երբեք չի բողոքել և դիմացել է ցավին։

«Նա դժոխային ցավեր էր ունենում, երբ հոդատապը սրվում էր», – պատմել է բժիշկը։

Բժիշկը նաև բացատրել է, թե ինչու երգչուհու մտերիմները և մենեջերը մինչև վերջ ԶԼՄ–ներին չեն հայտնել իրավիճակի լրջության մասին։ Շուրովը նշել է, որ արտիստական միջավայրում ընդունված է թաքցնել հիվանդությունները։

«Ոչ մեկին հիվանդ արտիստ պետք չէ, ոչ ոք չի ուզում կապ ունենալ հիվանդների հետ։ Զարմանալի չէ, որ Յուլյան չի ցանկացել պատմել իր խնդիրների մասին», – ասել է բժիշկը։

Հիշեցնենք` Յուլյա Նաչալովան մահացավ մարտի 16-ին։ 38 տարեկան երգչուհին մահացավ սրտի անբավարարվածությունից, ինչը թոքերի և ուղեղի այտուցի հետևանք էր։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` մահը վրա է հասել հետվիրահատական բարդություններից հետո։