ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ փոխադրողները կարող են օգտվել «Վերին Լարս» հսկիչ անցակետով անցնող ավտոմոբիլային ճանապարհի այլընտրանքով։ Խոսքը դեպի Երևան երկաթգծով` Կովկաս–Փոթի, Նովոռոսիյսկ–Փոթի և այլ նավահանգիստներից մուլտիմոդալ փոխադրման մասին է։
Բայց, եթե Վրաստանում փորձագետներն այս այլընտրանքը հիանալի են համարում, Հայաստանում վրաց գործընկերների լավատեսությունը չեն կիսում՝ երթուղին ոչ այդքան գրավիչ համարելով։
Տրանսպորտային միջանցքի ուսումնասիրությունների կենտրոնի տվյալներով` 2016 թվականին Կովկոս–Փոթի նավահանգիստի միջոցով լաստանավով 10 երթուղի է իրականացվել (127 վագոն, 8 հազար տոննա բեռ)։ 2017 թվականին այդ ցուցանիշը մի քանի անգամ մեծացել է` կազմելով 25 երթուղի` 590 վագոն է տեղափոխվել կամ 36 հազար տոննա բեռ։
«Հայ փոխադրողները կարող էին օգտվել Կովկաս–Փոթի կամ Նովոռոսիյսկ–Փոթի նավահանգիստների լաստանավերով, իսկ այնտեղից արդեն երկաթուղով, բեռները Հայաստան տեղափոխել», – ասաց Տրանսպորտային միջանցքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։
Նա հիշեցրեց աշնանը ձեռք բերված այն պայմանավորվածության մասին, որի համաձայն սեպտեմբերի 1-ից տրանսպորտային գերատեսչությունները, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի երկաթուղիները հայտարարել էին Փոթի նավահանգստից Հայաստան փոխադրումների երկաթուղային սակագների իջեցման մասին։
Չեղչը 52% էր կազմում։ Որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները արգելել էին ավտոմեքենայի ճանապարհով ցորեն տեղափոխելը։ Սակայն ավելի ուշ արգելքը հետաձգվել էր մեկ տարով` մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը։
Արդեն դեկտեմբերի 1-ից դադարեցվել էր Կովկաս–Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը։ Այն ժամանակ, ինչպես և այսօր, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն բեռնափոխադրումների ծավալի նվազումը բացատրում է նրանով, որ 2018 թվականին ընկերությունը, որը փոխադրում էր ապահովում այս երթուղով, հրաժարվեց ծառայություններ տրամադրել։ «Հարավկովկասյան երկաթուղի»–ն պայմանավորվածություն ձեռք բերեց այլ ընկերության հետ, սակայն այդ ընկերությունը պայման դրեց. լաստանավը կաշխատի լիարժեք բեռնվածության պայմաններում։
ՀԿԵ–ում կարծում են, որ իրավիճակը կարող է փրկել , եթե հացահատիկը անիվներից ռելսերի վրա տեղափոխվի։ Եթե ցորենն անցնի երկաթուղուն, լաստանավն իր աշխատանքը կվերականգնի կայուն ռեժիմով։ Կբեռնաթափվի նաև «Վերին Լարս» հսկիչ անցակետը։
Այս տեսակետը մասնակիորեն կիսում է նաև «Սաթի» ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը։ Նա կարծում է, որ այդ երթուղին կարող է հարմար լինել հացահատիկի դեպքում, սակայն ոչ այլ ապրանքների։
«Ընդհանուր առմամբ ձեռնտու չէ, քանի որ Ռուսաստանից և հակառակ ուղղությամբ ավտոմեքենայի ճանապարհով փոխադրումների սակագները բավական նվազել են։ Այդ պատճառով էլ վերջին տարիներին երկաթգիծն իր գրավչությունը կորցրել է», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առաքելյանը։
Նա ընդգծեց, որ մուլտիմոդալ տեսակը շատ ժամանակ է զբաղեցնում, ինչը նվազեցնում է նրա գրավչությունը ավտոմոբիլային ճանապարհի համեմատ։
«Այդ ճանապարհը շահավետ է միայն այն դեպքում, եթե 60 տոննայից ոչ պակաս բեռնափոխադրում է իրականացվում։ Կրկնեմ, հացահատիկի դեպքում, հաշվի առնելով նշված զեղչը, Նովոռոսիյսկ–Փոթի–Երևան երթուղին գուցե և էժան լինի, սակայն ամեն դեպքում կտուժի ժամանակի առումով», – ասաց Առաքելյանը։
Ստացվում է, որ Ռուսաստանի պահեստից բեռը ավտոտրանսպորտով տեղափոխում են Նովոռոսիյսկի նավահանգիստ, այնտեղից բեռնում լաստանավի վրա, այնուհետև բերում Փոթիի նավահանգիստ։ Հետո բեռը գնում է երկաթուղի։ Այստեղ փոխադրողները միանշանակ ժամանակի կորուստ են ունենում։ Եթե «Վերին Լարս» հսկիչ անցակետը փակ չէ, բեռները Կրասնոդարից Երևան են հասնում 5 օրվա ընթացքում։
«Մանանա Գրեյն» ալյուրի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը հույս ունի, որ հարևան Վրաստանի իշխանությունները թույլ կտան փոխադրողներին ընտրել իրենց համար հարմարավետ երթուղի և հոկտեմբերի 1-ից հնարավորություն կտան ցորեն և եգիպտացորեն մատակարարել ոչ միայն երկաթուղով, այլև ավտոմոբիլային ճանապարհով։
«Ստավրոպոլից Երևան գրեթե նույն ճանապարհն է ստացվում, ինչ Փոթիից Երևան։ Մենք ավելի էժան և ավելի արագ ենք ցորեն բերում այնտեղից ավտոմոբիլային ճանապարհով։ Ես բազմիցս ասել եմ, որ եթե ցորենը ռելսերի անցնի, ապա 1 տոննայի գինը 50-70 դոլարով կբարձրանա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկողոսյանը։
Նա նաև թերահավատորեն է վերաբերում երկաթուղու կողմից ավելի վաղ հայտարարած 52% զեղչին։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստան 325829,71 տոննա հացահատիկ է մատակարարվել, որից 37,6 հազար տոննան կամ 580 վագոնը` երկաթուղով։