Սաթենիկ Գևորգյանը հիանալի ելույթ է ունեցել «Ты супер! Суперсезон» շոուի ժամանակ

Սա Սաթենիկի առաջին ելույթը չէր Մոսկվայում, մեծ բեմում, սակայն այս անգամ ակնհայտ էր նրա աճը ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ առումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը` Գյումրիից, հիանալի ելույթ է ունեցել ծնողական խնամքից զրկված երեխաների համար նախատեսված «Ты супер! Суперсезон» միջազգային երգի շոուի ժամանակ։ Համերգը տեղի է ունեցել Մոսկվայում. աղջիկն իր հաջող կատարման շնորհիվ հաջորդ փուլ է անցել։ Սաթենիկը Մոսկվայում է մարտի 5-ից, նա ամբողջ այս ընթացքում ակտիվ նախապատրաստվում էր իր աստղային ժամին։

Յուլյա Նաչալովայի վերջին նկարահանումը և խորհուրդները «Ты супер!»-ի մասնակցին. տեսանյութ

Աղջկա մասին պատմող տեսանյութում ասվում էր, որ Սաթենիկը մեծ ընտանիք է ունեցել, բայց նրանք շատ աղքատ են ապրել։ Մի օր հայրը մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի և այլևս չի վերադարձել։ Սաթենիկն անընդհատ սպասում է հոր վերադարձին և երգում նրա համար։

«Մայրս հրաշալի կին է»,–ասում է աղջիկը` մոր մասին խոսելիս և ավելացնում, որ երազում է դառնալ հարուստ մարդ և ստեղծել «Ты супер!»–ի նման նախագիծ։ Մրցույթին հայուհին փայլուն կերպով ներկայացրեց Ադելի «One and only» երգը։ Ժյուրիի բոլոր անդամները պտտվեցին նրա ելույթի ժամանակ և գովեցին հայուհու կատարումը։

Հանդիսատեսի շարքերում էր նաև Սաթենիկի մայրը, ում մրցույթի հաղորդավարը բարևեց հայերեն լեզվով։ Հանդիսատեսը վանկարկում էր` «Սուպեր, սուպեր»։ Աղջկան կուլիսներում անակնկալ էր սպասվում։ Ռուսաստանում ապրող նրա մորաքույրը, ում աղջիկը շատ էր սիրում և տեսել էր 12 տարի առաջ, եկել էր նրան տեսակցելու և սատարելու։

Հաղորդավարը շնորհակալություն հայտնեց Sputnik Արմենիային` Սաթենիկին մրցույթին ուղարկելու համար։

Նշենք, որ սա Սաթենիկի առաջին ելույթը չէր Մոսկվայում, մեծ բեմում, սակայն այս անգամ ակնհայտ էր նրա աճը ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ առումով. իզուր չէ, որ այդ մասին ավելի վաղ խոսել են նաև նրա ուսուցիչները։

Սուպերեթերաշրջանում կդառնամ ջազ երգչուհի. Սաթենիկ Գևորգյանը`«Ты супер!» նոր նախագծի մասին

Ելույթի ժամանակ ավելացել էր վստահությունը. մեկ տարվա ընթացքում Սաթենիկը հասցրել էր սովորել սերտել նոտաները, չէ՞ որ նախկինում նա միայն լսելով էր երգում։ «Կարևոր չէ, որ երեխաները նույնն են, բեմը նույնն է, ինձ համար սա կյանքի անգին փորձ է», – ավելի վաղ խոստովանել էր պատանի կատարողը։ Իսկական արտիստ դառնալ, մշտապես բեմում լինել` այս մասին է երազում Սաթենիկը և վստահ քայլում դեպի իր նպատակի իրականացում։

Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը ներկայացրել է Հայաստանը մրցույթի երկրորդ եթերաշրջանում։Առաջին եթերաշրջանի ժամանակ Հայաստանը ներկայացրել են վանաձորցի Սաբինա Մանվելյանն ու գյումրեցի Անգելինա Պապիկյանը։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։