Համով Հայաստան. «Հրակեզ սերկևիլ» կամ հայկական թագավորական աղանդերի գաղտնիքը

Սերկևիլը օգտակար մթերք է, այն հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Սերկևիլը բարենպաստ ազդեցություն է թողնում արյան շրջանառության վրա, բարելավում մարսողությունն, այն նաև հակաբորբոքային ազդեցություն ունի։ Հայաստանում սերկևիլը հաճախ օգտագործում են տարբեր աղանդեր պատրաստելիս։
Sputnik

«Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակներում Sputnik Արմենիայի թղթակիցները սերկևիլից հայկական ավանդական աղանդեր են պատրաստել։ Մեզ օգնել է Սեդրակ Մամուլյանի անվան խոհարարական ստուդիայի խոհարար Աննա Մաթևոսյանը։

Աննան 23 տարեկան է, նա 7 տարի է խոհարարությամբ է զբաղվում։ Ի դեպ, պատահական է հայտնվել ոլորտում. որոշել էր իր համար պարզել ճիշտ սնվելու հիմունքները և քոլեջ է ընդունվել։ Կարճ ժամանակ անց հասկացել է, որ ուզում է խոհարար դառնալ։ Հիմա նա սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ուսումնասիրում մսամթերքի ինժեներ–տեխնոլոգի մասնագիտությունը և աշխատում խոհարարական ստուդիայում։

Համով Հայաստան․ «մատներն էլ հետը կուտեք». ինչու է Գավառի քյուֆթան ամենալավը

«Մեր նախնիները հաճախ են օգտագործել այս մթերքը տարբեր բաղադրատոմսերում, ուտեստներ կամ աղանդեր պատրաստելու համար», –Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Աննան։

Երիտասարդ մասնագետը ներկայացրել է, թե ինչպես «Հրակեզ սերկևիլ» պատրաստել։

Ուտեստը պատրաստելու համար օգտագործում են սերկևիլ, արևածաղկի ձեթ, մեղր, կոնյակ, գինի, նուշ, դարչին, անանուխ։

Մթերքները դասավորում ենք տարայի մեջ։ Վերցնում սերկևիլն ու կտրտում, թավան դնում կրակի վրա և սպասում մինչև տաքանա։ Լցնում ենք  ձեթը և տապակում սերկևիլը մինչև կեղևը կարմրի։

Ավելացնում ենք կոնյակն ու այրում, հանգցնում ենք կրակն ու ավելացնում դարչինը։ Այն աղանդերին հագեցած համ է հաղորդում։

Հանում ենք սերկևիլը և հյութից սոուս պատրաստում։ Խառնուրդին ավելացնում գինի, անանուխ, այնուհետև մեղր` կարամելացման համար։

Սերկևիլը դնում ափսեի վրա և վրան լցնում սոուսը։

Բարի ախորժակ։