Ի՞նչ է արվել 3 տարեկան Մարիայի մահը բացահայտելու համար. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում

Քննչական կոմիտեն ավելի քան 10 օր փորձում է պարզել 3 տարեկան երեխայի մահվան պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մարտի 4-ին Երևանում մահացած 3-ամյա աղջնակի մահվան պատճառը դեռ չի բացահայտվել։ ՀՀ քննչական կոմիտեն այսօր նոր մանրամասներ է հաղորդել հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքից։

Քննություն է տարվում պարզելու Երևանում 3–ամյա երեխայի մահվան պատճառները

Ըստ հաղորդագրության` հարցաքննվել են մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ, երեխայի ծնողները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում մանկապարտեզի ննջասենյակից՝ երեխայի մահճակալի վրայից վերցվել է երեխայի անկողնու սավանը, որի վրա առկա է եղել փսխման զանգվածը:

Աղիքային ցուպիկի մանրէների հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտության են ենթարկվել մանկապարտեզի դաստիրակը, դաստիրակի օգնականը, խոհարարը, փորձանմուշներ են վերցվել նրանց հագուստներից։

Կատարված հետազոտությունների արդյունքում, սակայն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Փորձանմուշներ են վերցվել նաև խմելու ջրից, երեխայի մահճակալից ու ճաշասենյակից, խոհանոցից, դեպքի օրը երեխաներին մատուցած ուտելիքներից։ Առգրավվել են նաև երեխայի զգեստապահարանում առկա նրա հագուստները:

Նշանակվել են դատատոքսիկաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննչական կոմիտեն խոստանում է փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո տրամադրել լրացուցիչ տեղեկություն։

Հայաստանում նորածին է մահացել

Հիշեցնենք` 2019 թվականի մարտի 4-ին Ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ սրտի կանգնով Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 2015 թվականին ծնված աղջիկ երեխա, Երևանի բնակիչ:

Նախնական տվյալներով՝ նույնը օրը երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ։ Երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:

Sputnik Արմենիայի տվյալներով` դաստիարակները զանգել են Շտապօգնության ծառայություն, ապա երեխայի հորը, որը մասնագիտությամբ բժիշկ է։ «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկները ժամեր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, բայց ապարդյուն։ Երեխան մահացել է։

Մահացած երեխան` Մարիան, տան երրորդ զավակն է։ Նրա ավագ քույրն ու եղբայրը ևս հաճախել են նույն` համար 153 մանկապարտեզը։