Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Մեր գերթվայնացված դարում Հայաստանը կիբեռսպառնալիքներից, ինչպես պարզվում է, բավարար չափով չի պաշտպանված։ Թեև, մյուս երկրներում, որոնք ավելի զարգացած են ՏՏ ոլորտում, եթե նույնիսկ կիբեռանվտանգության տեսանկյունից ավելի լավ վիճակ է տիրում, ապա ոչ շատ մեծ չափով, Sputnik Արմենիայի համար պարզաբանում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Պետական գերատեսչությունների (նախարարություններ, ԿԲ, կոմիտեներ և այլն) կիբեռանվտանգության հարցերով զբաղվում է ԱԱԾ–ն. այստեղ դրանց կատարման և պահպանման իրենց պահանջները, ստանդարտներն ու մոտեցումները կան։ Մասնավոր հիմնարկները, այդ թվում պետության համար կարևոր նշանակություն ունեցողները` գազա և ջրամատակարարման ձեռնարկությունները, էլեկտրակայանները և բանկերը, իրենց անվտանգությամբ անձամբ են զբաղվում։
Սամվել Մարտիրոսյանը երկար ժամանակ է ինչ բարձրաձայնում է կիբեռանվտանգության վերաբերյալ օրենքների ժողովածու ունենալու անհրաժեշտության մասին. որոշակի պարտադրող փաստաթուղթ, որը կկարգավորի ոլորտը։ Դա անհրաժեշտ է գոնե նրա համար, որ համակարգվեն սպառնալիքներն ու ռիսկերը, արտակարգ արձագանքման ընդհանուր մոտեցումներ և չափանիշներ մշակվեն։
Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած էլեկտրաէներգիայի խոշորամասշտաբ խափանումը, որը պարալիզացրել էր երկիրը, լիովին կարող էր արտաքին հարձակում լինել, ասում է փորձագետը։ Հասկանալի է, որ նման միջամտությունից հնարավոր չէ երաշխավորված լինել, և օրենքների ոչ մի ժողովածու արտակարգ իրավիճակներից երաշխավորել չի կարող, սակայն այն գոնե որոշակի չափով կկարգավորի ամեն ինչ։
Եվ այսպես, ռիսկի գոտում են գտնվում պետական կառույցները, կրիտիկական ենթակառուցվածքները և բանկային համակարգը. դրանք այն ոլորտներն են, որոնք կենսական նշանակություն ունեն պետության և մարդկանց համար։
«Խնդիրն այն է, որ մենք պատրաստ չենք հնարավոր միջադեպերին։ Մենք կարող ենք բախվել այնպիսի խնդրի, երբ օբյեկտները, որոնք կարևոր հանրային նշանակություն ունեն, օրինակ, էլեկտրակայանները, գազա և ջրամատակարարման ընկերություններն առավել խոցելի կդառնան և կարող են հարվածի տակ հայտնվել», – ասաց փորձագետը։
Նման հարված տեսականորեն կարող է հասցվել և՛ դրսից, և՛ ներսից. դիվերսիաները չեն բացառվում։ Մի քանի տարի առաջ կառավարական մակարդակով կիբեռնավտանգության ոլորտում որոշակի գործընթացներ սկսվեցին, սակայն հետո ամեն ինչ դարձյալ լռեց։
«Մեզ գրեթե ոչինչ չունենք։ Մենք կիբեռանվտանգության ազգային ռազմավարություն չունենք, չունենք կենտրոն, որը զբաղվում է այդ խնդիրներով։ Չկան նաև կիբեռանվտանգության պրոֆիլային կենտրոններ. յուրաքանչյուր բանկ, օրինակ, հոգ է տանում իր անվտանգության համար անձամբ, թեև հենց բանկերի համար կոնկրետ պահանջներ կան։ Սակայն միևնույն է օրենսդրությունը գրեթե չի նկարագրում այն, ինչ տեղի է ունենում հիմա, առավել ևս թույլ չի տալիս կանխատեսել նույնիսկ մոտ ապագան», – նշում է Մարտիրոսյանն ու ավելացնում, որ Հայաստանում կիբեռանվտանգության մակարդակը, եթե խոսենք ընդհանուր առմամբ, չափազանց ցածր է։
Մինչ օրս Հայաստանում ինքնահանգստացման համար նման մոտեցում էր գերիշխում. իբր թե, մենք փոքր շուկայով փոքր երկիր ենք, ահաբեկիչների համար հետաքրքրություն չներկայացնող, և կիբեռանվտանգության հարցերը երկրորդ պլան էին մղվում։
Նման հայեցակետի խոցելի լինելն ակնհայտ է. չէ՞ որ երբեք չգիտես, թե ում կարող ես հանկարծակի հետաքրքրել։
Դիվերսիաները ոչ մի տեղ չեն բացառվում, նույնիսկ ամենաաննշան և խաղաղ երկրում. այդ դեպքում մենք ինչ ասենք, նման երկու հարևան ունենալով։ Բացի այդ տարածաշրջանն էլ հանգիստ և խաղաղ անվանել չի կարելի. մշտապես պետք է զգոն լինել։
Եվրոպան և ԱՄՆ–ն վաղուց են կիբեռտիրույթի անվտանգությունը դիտարկում ցամաքային, օդային և ջրային անվտանգության հետ մի մակարդակի վրա, իսկ Հայաստանի «ոխերիմ հարևան» երկրում նաև հատուկ հակահաքերական ստորաբաժանումներ են ստեղծվել։
Մեզ մոտ այդ ամենը դեռ հիմնականում պահվում է այսպես կոչված մի շարք «ակտիվիստների» էնտուզիազմի վրա։ Սակայն դա պետք է պետական մակարդակով կազմակերպվի, կարծում է Մարտիրոսյանը, չէ՞ որ խոսքը պետական կառույցների տեղեկատվության գաղտնիության և ընդհանրապես դրանց անխոչընդոտ աշխատանքի մասին է, էլ չենք խոսում երկրի քաղաքացիների անձնական տվյալների մասին։