Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն էր ասում, որ եթե տնտեսական ճգնաժամի մասին քիչ խոսեն կամ թերթերում գրեն, ապա ճգնաժամ չի լինի: Ինքնատիպ մոտեցում է, ոչինչ չես ասի:
Ինչո՞ւ հիշեցի այդ «հակաճգնաժամանային» բանաձևը: Պարզապես աչքովս ընկավ «Իրատեսին» տված հարցազրույցում ԱԺ մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նաև՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի արած հետևյալ արտահայտությունը. «Դրսում հարյուրավոր մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու գաղափարով, Հայաստանում ապրող մարդիկ էլ հակված են իրենց խնայողությունները Հայաստանում ներդրումների վերածելու։ Եթե ընդդիմությունը, մամուլը, Facebook-ի ակտիվիստները անընդհատ չպնդեն, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի, ներդրումներ կլինեն»:
Այսպես ասենք՝ ավելի ինքնատիպ չէ, քան նախկին վարչապետի ասածը: Տարբերությունն այն է, որ տվյալ դեպքում իշխանության ոչ երկրորդական ներկայացուցչի մոտեցման հետ գործ ունենք: Մեղմ ասած՝ զարմանալի է մեջբերված տեսակետը, որը բավականին զվարճացրեց ակնարկված «Facebook-յան ակտիվիստներին»: Մարդիկ կան, որ անգամ աներևակայելի շաղկապումներով իմպրովիզացիաներ առաջարկեցին:
Ասենք՝ ներդրումներ չեն լինի, մինչև Արարատը չվերադարձնենք, մինչև Հայաստանի հավաքականը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն չդառնա: Կամ՝ ներդրումներ չեն լինի, մինչև ցորենը չդառնա մասուրի հատիկի չափ և այլն:
Զարմանալին այստեղ այն է, որ կան հայրենակիցներ, փաստորեն նաև՝ իշխանության կազմում, որոնք լրջորեն մտածում են, որ եթե ընդդիմությունը, մամուլն ու Facebook-յան օգտատերերը «փիս-փիս բաներ» չգրեն, ապա ներդրումներ կլինեն: Այսինքն, ներդրումներ չեն լինում, որովհետև, ասենք որևէ ընդդիմադիր ինչ-որ վատ բան է ասել:
Հարց է ծագում. եթե կառավարությունը Facebook-ն արգելափակի, մամուլը արգելվի, ակտիվիստներն էլ արտաքսվեն, ապա ներդրումների տեղատարա՞փ է սկսվելու:
Ո՞րն է, էլի ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճի կամ զարգացման բանաձևը: Սա՞. «լավ ասենք, որ լավ լինի՞:
Մի հատ էլ հակառակ կողմից նայենք. իշխանությունը, իր բազմապատիկ ավելի մեծաթիվ կողմնակիցներն ու ամեն քայլ արդարացնող-ողջունողները, իշխանական քարոզչամիջոցները անընդհատ գովաբանում-փառաբանում են «նոր Հայաստանի» նվաճումները, ի դեպ, ոչ պակաս Facebook-յան ակտիվիստներով: Եվ ո՞ւր են ներդրումները, ինչո՞ւ չեն հոսում Հայաստան: Կարելի է կարծել, թե տեղացի կամ օտարերկրյա պոտենցիալ ներդրողները սեփական խելք, աչքերն ու ականջները չունեն՝ իրավիճակն ու իրողությունները գնահատելու, հետևություններ անելու համար:
Լավ, այդ կառավարության ու խորհրդարանի աշխատասենյակների պատերին ի՞նչ կախարդական ներկեր են քսված, որ ով հայտնվում է այդ պատերի միջակայքում, սկսում է նման ինքնատիպ մտքեր արտահայտել:
Բայց նաև մի փոքր այլ տեսանկյունից դիտարկենք խնդիրը:
Իսկ հնարավո՞ր է, ներդրումային «տեղատարափին» ինչ-որ տեղ խոչընդոտում է այն, որ օտարերկրյա խոշոր ներդրողի գործունեությունը մի քանի տասնյակ ակտիվիստներ ամիսներով կաթվածահար են անում: Ըստ որում այնպես, որ բանը կարող է հասնել միջազգային «դիվանբաշուն»:
Իսկ հնարավո՞ր է, որ «անցումային արդարադատության» մասին խոսակցություններն էլ իրենց դերն ունեն:
Իսկ հնարավո՞ր է, որ ներդրողները սովորաբար այնքան էլ լավ չեն տանում «հեղափոխություն» բառը, որքան էլ դեմից «տնտեսական» բառն ասվի:
Իսկ հնարավո՞ր է, որ «բանկային գաղտնիքը» ասվածը «բանկային բացահայտության» վերածելն էլ իր բացասական դերն ունի:
Իսկ հնարավո՞ր է, որ ներդրողներն ու ներդրումները կայունություն, հարկային ընկալելի և գոնե մի 4-5 տարվա կտրվածքով անփոփոխելի կանոններ, առհասարակ, կանխատեսելիություն են նախընտրում:
Վերցնենք թեկուզ Օպերայի մերձակայքի «սրճարանափակումը»: Հնարավոր է, քաղաքապետարանն ամեն ինչ օրենքի տառով է արել, ու այո, պայմանագրերն էլ դրանց ժամկետը լրանալուց մի 7-8 տարի առաջ միակողմանիորեն խզելու իրավունք ունի: Բայց քանի՞ ներդրող կգտնեք, որ դա տեսնելուց հետո վստահությամբ տոգորվի ու համարձակ ներդրումներ անի: Ախր նրանք, այդ ներդրումային միջոցներ ունեցողները զգուշավոր մարդիկ են, հատկապես՝ օտարերկրացիները:
Նայում են ու, որքան էլ առերես ժպտան, ասեն՝ «o, yes, yes», միևնույն է, մտքում գցում-բռնում են. «Պայմանագիր-մայմանագիր չնայեցին, մտան-քանդեցին: Բա որ վաղն էլ մեկը որոշի, որ իմ ներդրումը իրե՞նն է…, oh, No!»:
Եվ հնարավո՞ր է, ի վերջո, նման հարցերի մասին լրջորեն մտածել՝ տարօրինակ նախապայմաններ հորինելուց և ներդրումների հոսքը կամ ցամաքումը Facebook-ում արված գրառումների, ընդդիմադիրների ասածների հետ փոխկապակցելուց առաջ: