Թեղուտի հանքի պատճառով իրենց այգիներից զրկված 2 գյուղացիները փոխհատուցում կստանան

ՄԻԵԴ դիմած երկու թեղուտցիները 12 000 եվրո փոխհատուցում կստանան իրենց պտղատու այգիները Թեղուտի հանքավայրին տրամադրելու դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր 12000 եվրո փոխհատուցում հատկացնելու որոշում կայացրեց` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2018 թվականի հոկտեմբերի 11-ի վճիռը կատարելու համար։

Հայաստանը 20 600 եվրո կվճարի մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին

Թեղուտ գյուղի երկու բնակիչներ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմել էին ՄԻԵԴ` իրենց 0.383 հեկտար հողամասերը պետության կարիքների համար, հանքաարդյունաբերության կազմակերպման նպատակով տրամադրելու ու դրա դիմաց անհամաչափ փոխհատուցում ստանալու հայցով։

Նրանք պնդել էին, որ իրենց հողամասի պտղատու ծառերից ստացած եկամուտը փոխհատուցման մեջ հաշվի չի առնվել:

Եվրոպական դատարանը գործի քննության արդյունքում կայացրած վճռով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 10 000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում, և 2 000 եվրո` դատական ծախսերի դիմաց:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 11-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի ապրիլի 11-ն է: