Զուրաբիշվիլիի այցը Հայաստան. գոհ են արդյո՞ք Երևանն ու Թբիլիսին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ու մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստանի ղեկավարության հետ։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած վրացական պատվիրակությունը գոհ է մնացել երևանյան այցից։ Հատկապես ոգևորել է Թբիլիսիի հետ համագործակցությունը ամրապնդելու ու խորացնելու Երևանի պատրաստակամությունը։ Հարաբերությունների հետագա զարգացումը կարևորել են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ի՞նչ անակնկալ էր սպասում Վրաստանի նախագահին Փաշինյանի հետ ճաշելուց հետո

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Հենզել Մկոյանը, որը Երևան ժամանած պաշտոնական պատվիրակության կազմում էր։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական երկօրյա այցը Հայաստան տեղի ունեցավ մարտի 13-14–ին։ Այն տարածաշրջանային էր, Վրաստանի նախագահը Բաքու գնալուց հետո էր Երևան եկել։

«Մեր պատվիրակությունը հատկապես տպավորված էր հայկական կողմի հայտարարություններից։ Նշվեց, որ առաջիկայում Վրաստանի ու Հայաստանի խորհրդարանների խոսնակների փոխադարձ այցեր են լինելու», – ասաց Մկոյանը։

Նա ընդգծեց, որ Երևան է ժամանելու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հետո Թբիլիսի է մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նշվել է Հայաստանի կողմից որպես միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին նշանակելու որոշման մասին, իսկ Վրաստանի կողմից այդ գործառույթը կշարունակի իրականացնել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին։

Երևանում համամի՞տ են Վրաստանի լավատեսության հետ

Իսկ Երևանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցի ու հնչեցրած հայտարարությունների մեջ ոչ մի արտառոց բան չեն տեսնում։

Վրաստանի հարցերով փորձագետ  Ջոնի Մելիքյանն ասում է, որ կողները տարբեր թեմաներ են քննարկել, այդ թվում` պրոբլեմատիկ, նաև կարևոր մեսիջներ են փոխանակել։

Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանագծման հարցին

«Հայ-վրացական հարաբերությունների համատեքստում այցը կարելի է դրական գնահատել։ Կարևոր է, երբ պետությունների ղեկավարները հարևան երկրներ են այցելում ու տարբեր հարցեր են բարձրացնում։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի համար այցը ճանաչողական էր», – ասաց Մելիքյանը։

Նա մատնանշեց այն փաստը, որ Վրաստանի նախագահն իր լիազորությունների (որոնք արտաքին քաղաքականության մասով սահմանափակ են) շրջանակում  այնուամենայնիվ հնարավորություն ունի այս կամ այն հարցերը բարձրացնել։ Փորձագետը դրական է գնահատում այն, որ Զուրաբիշվիլիի` Փաշինյանի ու Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ կողմերը շրջանցեցին այսպես կոչված սուր անկյունները։

Այնուամենայնիվ, փորձագետը նշեց, որ երկու կողմի համար նուրբ հարցը քննարկվել է Ազգային ժողովում վրացական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Մասնավորապես` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Բաքու կատարած այցելության ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարությունը տարակուսանք է առաջացրել հայ հասարակության շրջանում։

Հիշեցնեն, որ Զուրաբիշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ  խոսել էր երկրու երկրների տարածքային ամբողջականության մասին։

Թբիլիսիում զարմացած են

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն մի փոքր մտահոգված է Վրաստանի նախագահի՝ Բաքվում արած հայտարարություններով։

Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը մեկնարկեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելությամբ

Նա ընդգծեց, որ Վրաստանի նախագահը սահմանափակ լիազորություններ ունի, ու որ նա ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության հարցեր չի որոշում։

«Դա երկիրը ներկայացնող մարդ է, այսպես ասած որոշակի իրավիճակների արբիտր։ Լավ է, որ Զուրաբիշվիլին ծանոթանում է տարբեր պետությունների ղեկավարությունների հետ», – ասաց Մամրաձեն։

Նա ընդգծեց, որ Զուրաբիշվիլիի խոսքերը որևէ որոշակի կշիռ չունեն, դրանք մասնավոր անձի հայտարարությունների մակարդակի վրա են, ոչ ավելի։

Փաստերով

Եթե փաստերով խոսենք, Զուրաբիշվիլիի այցը ոչ միայն ճանաչողական էր, այլև հագեցած։ Երկու օրվա ընթացքում Վրաստանի նախագահը շատ բան է հասցրել։ Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդ է այցելել ու ծաղիկն էր է խոնարհել ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։

«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին». Վրաստանի նախագահը գրառում է կատարել Հուշամատյանում

Վրաց նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ է այցելել ու Հուշամատյանում գրառում թողել, նաև Հիշատակի ծառուղում ծառ է տնկել ու «ԹՈՒՄՈ» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոն է այցելել։

Հարևան երկրի նախագահը հանդիպել է իր հայ գործընկերոջ, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։ Վրաստանի նախագահը հասցրել է Երևանում խոսել պետական սահմանի սահմանագծման մասին։ 

Վերջին անգամ Վրաստանի նախագահը Հայաստան էր այցելել 2014 թվականին։ Այդ ժամանակ պաշտոնը զբաղեցնում էր Գեորգի Մարգելաշվիլին։