Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է, նախկին նախագահը դահլիճում է

Դատարանը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու մասին քննության միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 14–ին քննվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին քննության միջնորդությունը։

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան

Դատարանը դեռ չորեքշաբթի սկսել էր քննել հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը, սակայն Քոչարյանը ներկա չէր եղել։ Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով` նախկին նախագահը նպատակահարմար չէր համարել մասնակցել։

Հիշեցնենք, որ 2019թ-ի հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել էր:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։