«Քոչարյանը չքնաղ ելույթ ունեցավ». ինչ է ասել 2–րդ նախագահն առաջին նիստի ժամանակ

Եթե 2008–ի մարտի 1–ի զոհերի թիվն ավելին լիներ, կասեին` Քոչարյանն անգործության մատնեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Կարծում եմ` այսօր Ռոբերտ Քոչարյանը ելույթով հանդես կգա։ Այս մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։ Նա հիշեց ՀՀ երկրորդ նախագահի 2018–ի հուլիսի 27–ին դատարանում հնչեցրած ելույթը` ասելով, որ «Քոչարյանը մի չքնաղ ելույթ ունեցավ»։

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է, նախկին նախագահը դահլիճում է

«Քոչարյանն ասել էր, որ ինքը ճիշտ է եղել, երբ խորհրդակցություն է հրավիրել և, ազգային անվտանգության ղեկավարի կողմից ստանալով հաղորդագրություն, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել ու փորձում է միանալ ժողովրդին, որ մարդիկ զինված են, արտակարգ դրություն է հայտարարել։ Քոչարյանն ասել է` ես ժողով եմ արել ու ասել` բանակին մի ներքաշեք քաղաքական գործընթացների մեջ»,–ասաց պաշտպանը։

Նա նշեց նաև, որ եթե Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն չմտցներ, նրան կմեղադրեին անգործության մեջ։ «Ես ցավում եմ 2008–ի մարտի 1–ի զոհերի համար, սակայն եթե զոհերի թիվն ավելին լիներ, կասեին` Քոչարյանն անգործության մատնեց, ու այդքան շատ զոհ ունեցանք»,–ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին ՀՔԾ միջնորդությունը։

2019-ի հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ: