Քաղաքապետարանը շարունակում է քանդել օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները

Մինչ սրճարանների աշխատակիցները պահանջում են չքանդել իրենց աշխատատեղերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները օպերայի տարածքում տրակտորներով ապամոնտաժում են սրճարանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Սրճարանների սեփականատերերին ժամանակ էր տրված իրենց գույքն ապամոնտաժելու համար։ Այս մասին այսօր օպերայի հարակից տարածքում, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Հարությունյանը։

Հայկ Մարությանը դիմել է երևանցիներին

«Ժամանակ էր տրված, ժամանակին չեն արել»,– ասաց նա` հրաժարվելով ընթացող ապամոնտաժման աշխատանքների մասին այլ մեկնաբանություն տալ։

Այս պահին օպերայի հարակից տարածքում քաղաքային իշխանությունը շարունակում է ապամոնտաժել ժամանակին անօրինական կառուցված սրճարանները։

Փակ փողոցներ, քաշքշուկ, բերման ենթարկվածներ. Երևանում կրկին բողոքի ակցիա է. ֆոտոշարք

Սրճարանների աշխատակիցները շարունակում են բողոքել ապամոնտաժման որոշման դեմ։ Այսօր կեսօրին, ի նշան բողոքի, նրանք փակել էին Մաշտոցի և Թումանյան փողոցները։ Այս պահին, ոստիկանների միջամտությամբ, փողոցների երթևեկությունը վերականգնված է։

Ցուցարարներից 4-ը բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Բողոքի ակցիան օպերայի հարակից տարածքում մեկնարկել էր դեռ մարտի 13-ին, երբ քաղաքապետարանը սկսել էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև. ի՞նչ է կատարվում Երևանի կենտրոնում

Տասնյակ մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ պահանջելով դադարեցնել ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Երեկոյան 18։00 բողոքի ակցիայի ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի քաղաքապետարան, որտեղ նրանց հետ հանդիպել էին քաղաքապետարանի աշխատակիցները։ Երևանի քաղաքապետը քննարկումներին չէր մասնակցել։

Հանդիպման ընթացքում քաղաքային իշխանության ներկայացուցիչները սրճարանների աշխատակիցներին խոստացել էին, որ գիշերը ծածուկ չեն ապամոնտաժելու շինությունները։

Այդուհանդերձ, սրճարանների աշխատակիցները հանդիպումից դժգոհ էին մնացել։

Արթուր Մեսչյանը հիշում է իր մանկության պաղպաղակն ու ափսոսում քանդվող սրճարանի համար

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։