ԾԻԳ-ը փակում ենք, ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ. Փաշինյանն ու նախարարները վիճեցին օպտիմալացման թեմայով

Վարչապետը չի հասկանում, թե ինչու է պետք միջնորդ ստեղծել արտասահմանյան դոնորի և բանկերի միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հասկանալի չէ, թե ինչու ենք ստեղծում պետական նոր ընկերություն, եթե կան նախարարություններ։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

10 հազար մարդու չեն կրճատի՞. Ջանջուղազյանը խոսեց աղմկահարույց օպտիմալացման մասին

Գյուղատնտեսության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին նախագիծը։ Այդ գրասենյակի փոխարեն առաջարկում են բացել պետական ՓԲԸ։

Գրասենյակը սպասարկում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վարկային ծրագիրը և վարկային միջոցներ ուղղորդում գյուղացիներին։ Միջոցները փոխանցվում են բանկերի միջոցով, իսկ գրասենյակը հետևում է, թե որ գյուղացիները և ագրոգործարարներն են վարկեր ստանում ու ինչպես են վերադարձնում, բացատրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Առաջարկությունը դուր չեկավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

«Ինչո՞ւ փակել ԾԻԳ–ը և բացել ՓԲԸ։ Հասկանալի չէ, թե ինչու այդ խնդիրը չի կարող լուծել հենց գյուղատնտեսության նախարարությունը», – հայտարարեց նա։

Օպտիմալացումներ, որից բյուջեի ծախսերն ու եկամուտները չեն ավելանա, բայց չեն էլ պակասի

Նիկոլ Փաշինյանի համար նույնպես անհասկանալի էր, թե ինչու է միջնորդ ստեղծվում դոնորների և բանկերի միջև։

«Այսինքն՝ ԾԻԳ-ը փակում ենք, ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ։ Մեր խնդիրն է փող ստանալ դոնորից և փոխանցել գյուղացիներին։ Ինչի՞ համար է միջնորդը։ Ինչո՞ւ միջոցներն անմիջապես չփոխանցել բանկերին։ Օրինակ` Կենտրոնական բանկի միջոցով։ Իսկ եթե այդ ընկերությունը խորհրդատվություններ է տալիս ֆերմերներին, ինչո՞ւ դա չի կարող անել հենց գյուղատնտեսության նախարարությունը։ Ի վերջո, ինչո՞ւ ստեղծել ևս մեկ կազմակերպություն», – ասաց նա։

Հարցը դեռ կքննարկվի նաև առաջիկա շաբաթներին։

Նշենք, որ 2019թ–ին կառավարությունը ցանկանում է շարունակել պետապարատի կրճատումը։ Մասնավորապես, կկրճատվի նախարարությունների և դրանց մեջ մտնող գերատեսչությունների թիվը։