Հայ բժիշկներից մեկը Սիրիայում ընդգրկվել է ականազերծում կատարող սակրավորների խմբում

Հալեպում հայ բժիշկները կատարում են բարդ վիրահատություններ, մասնակցում ուսումնասիրությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը:

Այս մասին տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջը։

Հալեպի հայերը վերադառնում են խաղաղ կյանքին. ՀՀ դեսպանը` Սիրիայի իրավիճակի մասին

«Սակրավորային խումբը մարտի 13-ին մասնակցել է «Ականազերծման տեղամաս, անվտանգության կանոններ» թեմայով գործնական պարապմունքին: Այն անցկացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը և Գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանը: Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող ինժեներա-սակրավորային խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին բուժօգնության և տարհանման դասընթացները կազմակերպելու նպատակով»,–գրված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ Հայաստանից գնացած բժիշկներն իրենց գործունեությունը ծավալում են Հալեպի տարբեր հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են վիրահատություններ:

Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը յուրաքանչյուր օրվա ավարտին ամփոփում է կատարված աշխատանքները, նախանշվում են հաջորդ օրվա անելիքները:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։