Հայաստանում ի՞նչն է խանգարում կոռուպցիայի կանխարգելմանը. ԱԺ–ում փորձում են հասկանալ

2019թ.-ից ՀՀ պաշտոնատար անձինք իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը պետք է ներկայացնեն կոռուպցիայի հանձնաժողով: Իսկ նման հանձնաժողով Հայաստանում գոյություն չունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. 2017թ.-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է կոռուպցիայի կանխարգելման մասին օրենք, որով նախատեսվում էր ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այսօր ԱԺ-ի ամբիոնից հիշեցրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը` հավելելով, որ ըստ նույն օրենքի հանձնաժողովը պետք է ստեղծվեր 2018թ.-ին:

Կոռուպցիայի դեմ պայքար. ինչ կարևոր պահ է սպրդել Փաշինյանի կառավարության ուշադրությունից

«Հիմա ունենք իրավիճակ, երբ փաստացի այս հանձնաժողովը չի ստեղծվել, ընդ որում, հանձնաժողովի չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացել նաև գույքի և եկամուտների հայտարարագրման գործընթացում»,- ասաց փոխնախարարը:

Բանն այն է, որ օրենքում գրված է, որ 2019թ.-ից պաշտոնատար անձինք իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը պետք է ներկայացնեն կոռուպցիայի հանձնաժողով, իսկ այդ հանձնաժողովը գոյություն չունի:

Սուրեն Քրմոյանի խոսքով` ստեղծված իրավիճակը վտանգավոր է նրանով, որ Հայաստանում այսօր պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերում խախտումներ հայտնաբերելու կամ ընդհանրապես չներկայացնելու դեպքում պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ գոյություն չունի:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար կառավարությունը մշակել ու ԱԺ է ներկայացրել «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը», որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման ժամկետը սահմանել մինչև 2020թ.-ի հունվարի 1-ը, իսկ հայտարարագրերի ներկայացման ժամկետն այս տարի երկարացնել մինչև մայիսի 31-ը` գործող մարտի 31-ի փոխարեն: Իսկ, քանի դեռ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չկա, հայտարարագրերը կշարունակի ընդունել Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը, ինչպես արվում էր մինչև հիմա:

Նշենք, որ նոր օրենքով հանձնաժողովի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը: