«Հանդիպումն արդյունավետ եմ համարում». Սարգսյանը` Զուրաբիշվիլու հետ բանակցության մասին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ հայ–վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության յուրահատուկ մթնոլորտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն արդյունավետ է համարում իր հանդիպումը և բանակցությունները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։ Այդ մասին նա ասաց Երևանում վրացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում։

«Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումն իր որոշակի տեղն ունի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Այդ մասին վկայում են վերջին շրջանում բարձր մակարդակում համատեղ այցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները», – ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ արդյունավետ է համարում Զուրաբիշվիլու հետ բանակցությունները։ Նախագահի խոսքով` Հայաստանը միշտ շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ ձևավորելու և պահպանելու հարցում։

Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանագծման հարցին

Կողմերը նաև խոսել են տարածաշրջանի հակամարտությունների մասին։

«Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա», – ասաց Սարգսյանը։

Կողմերը քննարկել են նաև տրանսպորտի, տնտեսության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցելու հարցերը, ինչպես նաև Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերի գործարկումը։