Փաշինյանի «կախարդական փայտիկը» մաշվում է, կամ ինչպես 10000 մարդ դարձան «շարիկ գլորող»

Կառավարության վերջին նիստում, ինչպես հայտնի է, հաստատվեց նախարարությունների թվի կրճատման, որոշների միավորման նախագիծը: Հերթը խորհրդարանինն է:
Sputnik

Հասկանալի է, ցավոտ որոշում է լինելու, որքան էլ որ կենսուրախ արձագանքներով փաթեթավորվի: Նմանապես հասկանալի է, որ նախարարությունների թիվը 17-ից 12-ի հասցնելն ուղեկցվելու է նաև որոշ հաստիքների կրճատումներով: Ընդհանրապես, վերջերս հաճախակի են խոսում կրճատումների մասին: 

Նախորդ կառավարության (առաջին հետհեղափոխական, եթե ավելի ստույգ) կազմում գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որն այդ պաշտոնը ստանձնել էր ՀՅԴ առաջարկությամբ, այսօր անդրադառնալով նախատեսվող գերատեսչական միավորումներին նկատել է. «Կառավարության ծրագրի առաջին նախադասությունը երբ կարդում ես, հասկանում ես, որ 17 նախարարի հետ աշխատելը դժվար էր, դրա համար դարձնում են 12»:

Կառավարությունը գերանդին չի վերցնի ու հնձի. Փաշինյանը խոսեց սպասվող կրճատումների մասին

Նախկին նախարարի տպավորությամբ՝ գերատեսչության գործառույթների հստակեցման մասին չի խոսվում, նաև պարզեցված չէ հաստիքների կրճատման անհրաժեշտությունը: Այո, կրճատումը թույլ կտա կառավարությանը որոշակի միջոցներ խնայել, բայց արդյոք միայն դա է լինելու կրճատումների արդյունքը: Նմանապես չի ընկալվում գյուղնախարարության միավորումը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ՝ էկոնոմիկայի նախարարություն դառնալու նախագծված հեռանկարով: Արթուր Խաչատրյանն ասուլիսում նշել է.  «Ո՞րն է այդ միավորման բազան, դա էլ չկա: Այդ տրամաբանական հենքը ես չեմ տեսել»: Նույնկերպ հարց է, թե ինչ է լինելու պետական ապարատից կրճատվելիք 10 000 քաղաքացիների ճակատագիրը: Մի խոսքով, հարցեր շատ կան:

Ոչ պակաս հարց է, օրինակ, հենց այդ 10000-ը: Ինչո՞ւ հենց 10 հազար մարդու է նախատեսվում կրճատել: Դա ի՞նչ հաշվարկ է, ինչո՞ւ է նման աչքաչափային մոտեցում դրսևորված: Կարելի է կարծել, որ կառավարության անդամները քննարկել են, ասել են, դե՝ վարչապետը կարգադրել է մի 10000 հոգի «շարիկ գլորող» կրճատենք, իրենք էլ այդպես նշել են: Հակառակ դեպքում, եթե մանրակրկիտ հաշվարկ ու կոնկրետ վերլուծություն լիներ դրա հիմքում, կասեին, ասենք`8456 հաստիք է նախատեսվում կրճատել կամ 12369: Իսկ այսպես՝ «դե մի 10 հազար, էլի…»:

Գազավորված ըմպելիք արտադրողները պատրաստվում են ավելի մեծ բողոքի

Ի դեպ, ի՞նչ է լինելու այդ 10 հազար հայրենակիցների հետ, որոնց դեռ չկրճատած, արդեն պորտաբույծ ու պարազիտ են բնորոշում՝ հանրային ընկալման տիրույթում արդարացնելու համար իշխանության նախատեսած ոչ պոպուլյար քայլը: Մեկ բան գոնե կարելի է կանխատեսել. կրճատվողների մի մասը կհամալրի կառավարության շենքի առաջ բողոքի ցույցեր անող մեր բազմաշերտ հայրենակիցների շարքերը, մյուս մասը սոցցանցերում կսկսի տրտնջալ, թե ախր իրենք դեռ մի 10-11 ամիս առաջ կանգնեցին Նիկոլ Փաշինյանի կողքին, աջակցում էին «Թավշյա հեղափոխությանը», ներսից կազմաքանդում էին «հանցավոր ռեժիմը», իսկ հիմա իրենց հետ այսպես են վարվում: Հնարավոր է` կասվեն էլի ինչ-որ նման լացակումած, սրտաճմլիկ բաներ, որոնք բանի տեղ դնող առանձնապես չի լինի: Բայց բողոքի տարբեր ցույցերը, մանավանդ` կառավարությանն ուղղված պահանջներով, իսկապես ուշադրություն են գրավում:

Երեկ լիմոնադագործներն ու գրավադրողներն էին, մեկը` գազավորված հարկերի գծով, մյուսը՝ գազազած տուրքերի, երրորդն էլի մի ինչ-որ պատճառ և բողոք կունենա: Եվ հենց այստեղ է, որ ծագում է «կախարդական փայտիկի» հարցը:

Նիկոլ Փաշինյանը, իսկապես, վերջին տասնամյակներում Հայաստանի ղեկավարի պաշտոնը ստանձնած ամենատարբեր գործիչներից, վարչապետներից, նախագահներից առանձնանում է նրանով, որ «կախարդական փայտիկ» ունի: Խոսքն ինչ-որ միստիկ կամ կախարդական բաների մասին չէ, այլ միանգամայն կոնկրետ և իրական այնպիսի երևույթի, որը կոչվում է հանրային աջակցություն և վստահություն: Ավելին, դա է գործող վարչապետի հիմնական քաղաքական հենարանը, ինչը ինքն էլ ու յուրայիններն էլ հրաշալի գիտակցում են:

Ի դեպ, Հայաստանի նախորդ ղեկավարներից ոչ մեկը վստահության ու աջակցության նման պաշարով չի ստանձնել իշխանությունն ու կառավարության ղեկը: Մեկ էլ 1991-ի հոկտեմբերին նման լայն աջակցություն ունեցել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ եթե հիշեցինք, արժե նաև մտաբերել, որ դրանից հազիվ մի 10 ամիս անց արդեն, այդ լայն աջակցությունից շատ քիչ բան էր մնացել:

Դեռ վաղ է խոսել այն մասին, թե պատմությունը կրկնվում է կամ ուղիղ զուգահեռներ տանել, քանզի ամեն դեպքում տարբեր իրավիճակների, իրողությունների ու գործիչների մասին է խոսքը, որքան էլ որ նրանց հաճախ փորձում են շաղկապել: Չշեղվենք, մանավանդ, որ Տեր-Պետրոսյանի՝ 1991-ի վերելքը սևեռուն անձնավորված չէր, այլ թիմային` ի դեմս ՀՀՇ-ի:

Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի «կախարդական փայտիկի» դեպքն ու պատմությունն այլ են, ավելին` այս դեպքում հանրային աջակցությունն ու վստահությունը սաստիկ սևեռուն են ու մեծապես անձնավորված: Միաժամանակ, անհնար է չնկատել, որ կառավարության մեծ ու փոքր քայլերին զուգահեռ, այդ «կախարդական փայտիկը» մաշվում, փոքրանում է: Ցանկացած իշխանության ու կառավարության համար, մանավանդ, ոչ պոպուլյար քայլեր անելու դեպքում, հանրային աջակցության աստիճանի նվազումն անխուսափելի է: Բայց մաշվել էլ կա, մաշվել էլ:

Մենք որևէ բան չենք պատրաստվել թաքցնել. Ջանջուղազյանը` 10 հազար «կրճատումների» մասին

Դեկտեմբերին «արագացված» ռեժիմով անցկացված խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ գոնե քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը վստահում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած միավորմանը: Մյուս կողմից, նման «անվերապահ հաղթանակը» ինչ-որ տեղ նաև չափազանցված հանրային ակնկալիքների անուղղակի վկայություն կարելի է համարել: Այն իմաստով, որ գուցե շատերը մտածում էին` այ, կձևավորվի նոր, լրիվ «հեղափոխական» խորհրդարան ու փոփոխություններն ու արդյունքները իրար հերթ չեն տա: Բայց դա մոտ երեք ամիս առաջ էր, իսկ հաջորդած ժամանակն էլ բավարար էր հասկանալու, որ ապրանքների գներ են բարձրանում, «հեղափոխական» բանանից սկսած, կարտոֆիլով վերջացրած, որ նախատեսվում է հարկային բեռ ավելացնել, որ այս մեկը, որ այն մյուսը: Պարզ ասած, հազիվ թե այսօր կարելի է արձանագրել նման ոգևորվածություն, ինչը 3, 6 կամ 10 ամիս առաջ էր: Գետը շարունակ հոսում է, չմոռանանք:

Հիմնականը. չի լքում զգացողությունը, որ «կախարդական փայտիկը» կա, բայց մի տեսակ առանց «ինստրուկցիայի» (Հոգվարդից երևի մոռացել են ուղարկել), ու ստացվում են պատահական շարժումներ: Իսկ դրանց հետևանքով «կախարդական փայտիկն» ինքը կարող է անհետանալ:

Վերցնենք հենց թեկուզ կառավարության կառուցվածքի այս փոփոխությունները: Դրանք ձևակերպելու և հստակեցնելու համար իշխանությունն առավել քան բավարար ժամանակ ուներ: Ձևականորեն դեկտեմբերի 10-ից (ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը) սկսած, իրականում դրանից էլ շատ առաջ, քանզի բացարձակապես կանխատեսելի էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած միավորման հաղթանակը։ Բայց կառավարության ղեկավարից ու իր գործադիր թիմից գրեթե երեք ամիս պահանջվեց նախագիծ կազմելու և այն խորհրդարան ներկայացնելու վիճակի բերելու համար: Ու նույնիսկ այդ պայմաններում այն բավականին լուրջ հարցերի տեղիք է տալիս՝ հիմնավորվածության, մտածվածության, գերատեսչությունների ֆունկցիոնալ կարողականության առումներով: Մոտավորապես կամ աչքաչափով կրճատումներ նախատեսելն էլ՝ վերադիր:

Չէ, հասկանալի է իհարկե, որ վերջիվերջո, որոշում կընդունվի ու քայլեր կարվեն: Պարզապես, հանկարծ այնպես չլինի, որ պատմությունից հայտնի մի հեղափոխականի գրքի վերնագիրը դուրս գա՝ «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»: