Հայաստան են թափանցել տաք օդային հոսանքները. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` երկրի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +24–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում մի քանի օր շարունակ տեղումներ չեն գրանցվի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` մինչև ամսի 16-ը ներառյալ ամբողջ Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։

«Օդի ջերմաստիճանը մարտի 12-ին կբարձրանա 3-4, 13-15-ի գիշերը` ևս 4-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես տեղումներ չեն կանխատեսվում։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 15-17, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքության սահմանում։

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը երեկ ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22 աստիճանի։