ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը։ Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ։ Հանդիպման ընթացքում Թաթոյանը բարձրացրել է նաև Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Թաթոյանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաև անհրաժեշտ հատուկ խնամք և բուժում ստանալու վերաբերյալ։
Բարձրացվել է նաև ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային հաղորդակցություն ապահովելու վերաբերյալ ծնողների և փաստաբանի խնդրանքը, քանի որ այժմ դա իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով։
ՀՀ ՄԻՊ–ը բարձրացրել է նաև Կարեն Ղազարյանի վերադարձի հարցը։
Ղազարյանի վերաբերյալ խնդիրները Թաթոյանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ:
Հանդիպումների ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները այս և այլ հարցերով։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:
2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։