Զինված հարձակման հետևանքով Ռուսաստանում հայեր են տուժել. տեսանյութ

Չճշտված տեղեկություններով վիրավորները հայ–ադրբեջանական խառը ընտանիքի անդամներ են։ ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է հայերի վիրավոր լինելու փաստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ հայեր են տուժել։

Հատուկ օպերացիա «Կիլիկիա» ավտոկայանում. նոր ղեկավարությունը չի կարողանում բացել դռները

Այս մասին գրառում է արվել  ՀՀ ԱԳՆ Facebook-ի էջում։

«Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի»,– հայտնում է նախարարությունը։

ՌԴ ՆԳՆ–ն հայտնում է, որ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանցից մեկը` 43- ամյա տղամարդը մահացել էր։

Ոստիկանությանը հայտնի է, որ տուժողների վրա կրակած անձինք դեպքի վայրից հեռացել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով։

Ավելի ուշ փնտրվող ավտոմեքենան հայտնաբերվել էր Վոլգոգրադ քաղաքի թաղամասերից մեկում։ Դրանում գտնվող 4 անձինք ձերբակալվել են։

Դեպքի վերաբերյալ շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկություններով, զինված հարձակում գործած անձինք դաղստանցիներ են։ Նրանք հարձակվել են հայ–ադրբեջանական խառն ընտանիքին պատկանող խանութի վրա։

Հակասությունները խանութի սեփականատերերի ու դաղստանցիների միջև ծագել են տնտեսական խնդիրների պատճառով։