ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Ագարակ» սահմանային անցակետում կանխվել է 109 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրման փորձը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Գ.Վ-ն ձերբակալվել է: