Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայողին հարվածած տղամարդը ձերբակալվել է

Զինծառայողին պտուտականով հարվածած 29–ամյա տղամարդը Շիրակի մարզի բնակիչ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի դանակահարության դեպքը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«ՌԴ 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի բնակիչը` ծնված 1990 թվականին»,- ասաց Հարությունյանը:

Այս պահին քննչական մարմինն այլ տեղեկություններ չի հրապարակում։

Հիշեցնենք` մարտի 8-ին, ժամը 01:30–ի սահմանում Գյումրու սրճարաններից մեկում պտուտակահանով հարվածել էին ռուսական ռազմակայանի զինծառայողին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ռուս զինծառայողները խմբով նստած են եղել սրճարանում։ Հարևանությամբ նստած երիտասարդները, շամպայն բացելիս, ջրել են ռուս զինվորականներից մեկին։ Նրանց նկատողություն են արել։

«Հուսով եմ` արդար քննություն կանցկացվի». Կոպիրկինը` Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին

Սրան ի պատասխան երիտասարդները երկրորդ շիշն են պատվիրել, որն այնպես են բացել, որ կրկին ջրեն զինծառայողներին։

Նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ զինվորականներից մեկին` Ռաջան Կաժիմիրովին հարվածել են պտուտակահանով։ Դրանից հետո վիճաբանության մասնակիցները ցրվել են։ Զինվորականին տեղափոխել են Գյումրու բուժկենտրոն, ավելի ուշ` ռազմակայանի հոսպիտալ։

Վստահելի աղբյուրը հայտնում է, որ սրճարանից անհետացել է տեսախցիկի ձայնագրությունը։

Ռուս զինծառայողների արյան հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում ալկոհոլ չի եղել։ Նախնական տվյալներով` իրավապահները ռուս զինծառայողների նկատմամբ, բողոքներ չունեն։