Չհայտարարագրված ապրանքներ. ինչ է հայտնաբերել ՊԵԿ–ն ավտոմեքենայի թաքստոցներում. տեսանյութ

Բագրատաշենի մաքսակետում անցկացված հսկողության արդյունքում չհայտարարագրված ապրանքներ են հայտնաբերվել ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակից, կառավարման վահանակի միջից, բեռնախցիկից, պահեստային անվադողի համար նախատեսված հատվածից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Վ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան և չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերել մեքենայի տարբեր հատվածներում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ուղևորները թեպետ հայտնել են, որ մեքենայում չկան հայտարարագրման ենթակա ապրանքներ, սակայն տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել են ավտոմեքենայի համար նախատեսված ակրիլային ծածկոցներ:

Տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի բեռնախցիկից, պահեստային անվադողի համար նախատեսված հատվածից, շարժիչի ծածկոցի տակից և կառավարման վահանակի միջից հայտնաբերվել են ընդհանուր քաշով 254կգ ակրիլային լաքեր և կարծրացուցիչներ։

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար: