ՌԱԴԻՈ

Այսօր չծնված աղջիկը վաղվա մայրն է. ուրեմն` չզրկենք մեզ վաղվա մայրերից

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածության ու պատճառների մասին:
Sputnik

Արմեն Գալստյանի խոսքով այս խնդիրը նոր չէ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում: 2011 թվականից այս ահազանգը հնչեցվեց Հայաստանում: Տարբեր միջազգային հասարակական կառույցներ ահազանգեցին, որ երկրում տեղի է ունենում մի երևույթ, որը դատապարտելի է : «Դա այն է, որ երեխան դեռ չծնված՝ սեռը որոշելու պահից կանգնում է ոչնչացման վտանգի առաջ։ Այսինքն` երբ պարզվում է, որ աղջիկ երեխա է ծնվելու, հասարակությունը որոշում է, որ կինը պետք է դիմի հղիության արհեստական ընդհատման»:

Ուսումնասիրությունների տվյալներով` տարեկան մոտ 1400 ապագա մայր չի ծնվում։ Տարիների վրա դա բազմապատկելով` տեսնում էինք, որ մինչև 2050 թվականը չի ծնվելու 80 հազար մայր, և այդ մայրերի չծնվելու պատճառով ևս 90 հազար երեխայի կորուստ ենք ունենալու:

«Փաստորեն մենք համեմատաբար խաղաղ պայմաններում կունենայիքն ավելի քան 170 հազար երեխայի կորուստ, երբ օրինակ` երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ ակտիվ պատերազմի պայմաններում հայ ազգը կորցրեց 150 հազար մարդ», - ասում է Գալստյանը:

Նրա խոսքով` տարիներ ընթացքում իրականացված միջոցառումներն ու քարոզարշավն ունեցան դրական ազդեցություն: Հասարակության ընկալում այսօր փոխվել է, ու միջավայրի և ընտանիքի ճնշումները աղջիկ երեխայի, կանանց նկատմամբ նվազել է: Այս ամենն արդեն առկա է թվերով:

Հաղորդավար՝ Աննա Վարդանյան։