Հայրենի քաղաքական գործիչների շարքերում օտարերկրյա գործակալներ լինելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունն այն շարքից է, որի շուրջ հետաքրքրությունը դեռ մի տևական շրջան կպահպանվի:
Հիշեցնենք, որ օրերս Իրան կատարած այցի ընթացքում Սպահանի հայության հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր.
«Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
Նման հնչեղ հայտարարությունը չէր կարող, իհարկե, սևեռուն ուշադրության չարժանանալ: Առանձին քաղաքական գործիչներ հայտարարում են, որ նման թեմայի անդրադառնալով՝ պետության ղեկավարը պետք է ավելի կոնկրետ ու հասցեական արտահայտվեր:
Հայտարարություններ են հնչում՝ օտարերկրյա գործակալ քաղգործիչների ցանկը հրապարակելու պահանջով: Զուգահեռաբար՝ լրագրողներն էլ փորձում են «Իմ քայլը» խմբակցության տարբեր ներկայացուցիչներից պարզել, թե կոնկրետ ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ավելի շատ օտարերկրյա գործակալ քաղգործիչների մասին:
Կան նաև մշտապատրաստ խանդավառներ, որ արդեն լծվել են ինքնուրույն այդ գործակալներին բացահայտելու «գործին»: Վերջինները, կարող եք չկասկածել, շատ արագ կբացահայտեն, թե ովքեր են այդ «շպիոնները»: Բայց մինչ այդ գայթակղիչ ուղղությամբ մեր դատողությունները շարունակելը, որոշեցինք վարչապետի հայտարարության կոնկրետ գործակալների մասին հատվածի վերաբերյալ հարցով դիմել հայտնի քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, իսկ 1991-93 թվականներին ազգային անվտանգության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Աշոտ Մանուչարյանին: Նա, ի դեպ, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի նման հարցադրումը ճիշտ է և տեղին:
«Արդեն վերջին տարիներին, երբ ինձ դիմում էին հարցով՝ ինչպիսին է վիճակը, ասում էի, որ չգիտեմ համարյա ոչ մի պետական գործիչ և գիտեմ շատ քիչ քաղաքական գործիչներ, որոնք ուղիղ առևտրի մեջ չեն՝ կատարելով հանձնարարականներ, կամ փորձելով իրենց պատկերացմամբ սպասարկել օտար շահեր, որպեսզի դրա դիմաց ինչ-որ բան ստանան,- մեր խոսակցության ընթացքում մասնավորապես նկատեց պարոն Մանուչարյանը, ապա հավելեց,- Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը այդ հարցադրումով բացարձակապես ճիշտ է, երկիրը էական առողջացման կարիք ունի»:
Ինչ վերաբերում է գործակալական գործունեությամբ զբաղվողներին, ապա Աշոտ Մանուչարյանի կարծիքով, օրինակ այդ տիրույթում են «բոլոր նրանք, ովքեր ընդունել են Հայաստանի սահմանադրությունը, պրոպագանդել են այն, որովհետև դա տիպիկ արտաքին կառավարման փաստաթուղթ է»:
Բայց դա էլ ամենը չէ: Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ գործակալական գործունեություն են իրականացնում նաև. «բոլոր նրանք, ովքեր ԾԻԳ-երի գործունեությունն են կազմակերպել Հայաստանում, համենայն դեպս, դրանց հիմնական որոշումներ ընդունողները փաստորեն կատարել են գործակալական գործունեություն: Ինչո՞ւ եմ ասում՝ փաստորեն. մարդը կարող է գործակալ չլինել, այլ լինել այնպիսի կարգավիճակում, որը պրոֆեսիոնալ լեզվով ասում են՝ «օգտակար ապուշ», երբ նա, չհասկանալով իր կատարած գործառույթի էությունը, մասնակից է այդ պրոցեսին»:
Մեր զրուցակիցը ճշգրիտ է համարում նաև հնչած ձևակերպումը և որակումը. «Այն, ինչ որ ես մինչ այս պահը ասացի, սա լրիվ ընդգծում է, որ ճշգրիտ է հենց այդպիսի ձևակերպումը և այդպիսի որակումը, որովհետև փաստացի կատարվում է գործակալական աշխատանք՝ համատարած, բայց շատ-շատերը երևի թե «օգտակար ապուշների» կարգավիճակում են»,- նկատեց Աշոտ Մանուչարյանը:
Նա համաձայն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ավելի բաց խոսի: Բայց այդ առումով, ըստ մեր զրուցակցի, ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նկարագրի երկրի կյանքի վրա գործակալական միջամտության ազդեցությունը, որից հետո. «պահանջի, որ ամեն մեկը վերանայի իր գործունեությունը, և եթե այդ ամենը պատահականություն է, մակերեսային է, կապված չէ իր էության հետ, ապա այդ բանը վերանայի: Այդ դեպքում մենք շատ ավելի քիչ գործակալների անմիջական խմբով ստիպված կլինենք զբաղվել»,-մասնավորապես նշեց Աշոտ Մանուչարյանը:
Հասկանալի է, որ Աշոտ Մանուչարյանի հետ թեմայի շուրջ խոսակցությունն ավելի ընդգրկուն էր, բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքրում էր կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հենց այդ արտահայտության վերաբերյալ տեսակետը:
Զգացողությունը հուշում է, որ այս «գործակալական խմորը» դեռ շատ ջուր կքաշի: Եվ կարծիքների ու տեսակետների պակասություն էլ չի լինի: Համենայն դեպս, եթե առաջիկայում Նիկոլ Փաշինյանը չհստակեցնի, թե կոնկրետ ինչ շրջանակների կամ քաղաքական գործիչների նկատի ուներ իր այդ ընդհանրական արտահայտությամբ:
Ի դեպ, թույլ տանք մեզ նկատել, որ նրա ելույթի այդ արտահայտությունը ձևակերպված է այնպես, որ կոնկրետացման անհրաժեշտությունից էլ հանգիստ կարելի է խուսափել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե՝ պետք է թույլ չտանք, որ լինեն այդպիսի քաղաքական գործիչներ: Դեռ մի բան էլ կարող է հավելել, թե ընդհանուր էր ասած, ինչո՞ւ եք «իրար խառնվել» կամ նման մի բան:
Սակայն ինչ էլ ասվի, պետության ղեկավարի ստատուսը, եթե կուզեք՝ կարգավիճակը պարտավորեցնող է: Առանց այն էլ՝ ամեն տեղ «հակահեղափոխական» տեսնելու հակված և իրողությունները միագիծ ընկալողների մի որոշակի շերտի համար նման ընդհանրական արտահայտությունները բավարար են՝ «վհուկների որս» սկսելու նախապատրաստական աշխատանքներ տանելու համար:
Նման տեսակետ էլ, ի դեպ կա, թե գործակալների թեման հատուկ է նշվել՝ հենց նման մի «որսի» նպատակով: Մյուս կողմից, հակառակ ուղղությամբ էլ են մեղադրանքներ հնչում, օրինակ, սորոսյան դրամաշնորհների հաշվին գործող կազմակերպությունների հետ կապված: Բայց այդպես կարելի է ունենալ անթիվ մեղադրանքներ, համատարած կասկածամտության մթնոլորտ ու դրանից բխող անախորժ հետևանքներ:
Այնպես որ, եթե իշխանությունը, պետության ղեկավարությունը գիտեն կամ բացահայտել են, որ այսինչն ու այնինչը օտարերկրյա գործակալ են, ապա այդպես էլ պետք է ասել:
Իսկ այսպես, ընդհանրական արտահայտություններով կարելի է հասնել, օրինակ նրան, որ բոլորը կսկսեն ի դեմս բոլորի գործակալներ տեսնել՝ անգլիական ու թուրքական, ռուսական ու չինական, հնդկական ու պակիստանյան, հետո պատրաստակամորեն կսկսեն բռնել մեկը մյուսին կամ բռնել տալ:
Չէ՞ որ ժամանակին նույնիսկ ամենահեռավոր գյուղերում խորհրդային հատուկ ծառայություններն օրինակ, կարողանում էին օտարերկրյա «շպիոններ» հայտնաբերել և լիկվիդացնել: