Պաշտոն ցուցմունքի դիմա՞ց. ով է ԶՈւ ԳՇ կազմակերպչական-զորահավաքային վարչության պետը

Նրա նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել էր փետրվարի 7-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Իշխանությունները խրախուսում են «Մարտի 1»-ի քրեական գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»: Լրատվական կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ այս համատեքստում է տեղի ունեցել Ալբերտ Բաղդասարյանի նշանակումը զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։

Գնդապետ. Հրամանատարը պիտի մանկավարժ ու հոգեբան լինի, որ բացառի միջանձնային խնդիրները

«Հիշեցնենք, որ նրա նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է փետրվարի 7-ին։ Վերջին մի քանի ամսվա մեջ նման կտրուկ առաջխաղացումը պայմանավորվում է Մարտի 1-ի քրեական գործով նրա կողմից տրված նրա ցուցմունքների հետ։ Նշենք, որ նա մինչ այդ եղել է N զորամասի հրամանատարի տեղակալ»,- գրել է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ չնայած հնչեցված հայտարարություններին` ՀՔԾ-ին չի հաջողվել բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, ապացույցներ ձեռք բերել, որոնք կարող էին վկայել ցուցարարների հետ բանակի բախման մասին։ Համենայն դեպս՝ սպանությունների համար առաջադրված մեղադրանքի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Իսկ ՀՔԾ-ի համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի զինատեսակների առնչությամբ էլ ՊՆ-ից հայտնել էին, որ նման զենքեր ՊՆ հաշվեկշռում չկան։ Ուստի ՀՔԾ-ն փորձում է զինվորականների ցուցմունքների միջոցով ձեռք բերել՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սեպտեմբերի 11-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները «հիմնավորող» ապացույցներ։

Հիշեցնենք, որ այդ ասուլիսում Սասուն Խաչատրյանը պատասխանատու հայտարարություն էր արել՝ նշելով, որ օլիգարխները հայոց բանակը դարձրել են «վարձկան»։

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանն այն սակավաթիվ զինվորականներից է, որ ՀՔԾ պետի ասուլիսից օրեր անց տվել է «ցանկալի» ցուցմունքը, թե իբր իրեն գումար են տվել։

Նա չի նշել, թե ով և  ինչի համար՝ նվազագույնի հասցնելով իր ցուցմունքի իսկությունը ստուգելու հնարավորությունը։

Ընդ որում՝ նա մարտի 1-ին անկարգությունների վայրում չի եղել, այսինքն՝ ներգրավված չի եղել արտաքին ծառայության մեջ, գտնվել է օպերատիվ վարչությունում, սակայն ասել է, թե մարտի 1-ի իրադարձությունները տևել են մի քանի օր ու պատմել տարբեր անանուն աղբյուրներից լսած խոսակցություններ։