Կենտրոնական բանկը պարզաբանել է, թե ինչի վրա են ծախսվել ՀՀ պահուստները

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկություններ է հրապարակել, թե որքան գումար է պակասել ՀՀ միջազգային պահուստներից 2018թ–ի ընթացքում և թե ինչ նպատակի են ուղղվել այդ գումարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ միջազգային պահուստներն 2018 թվականի ընթացքում նվազել են շուրջ 55 մլն ԱՄՆ դոլարով։ Հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը` անդրադառնալով այսօր մամուլում տարածված այն տեղեկություններին, թե Կենտրոնական բանկի պահուստները դատարկվում են։

Մենք որևէ բան չենք պատրաստվել թաքցնել. Ջանջուղազյանը` 10 հազար «կրճատումների» մասին

Ըստ ԿԲ պարզաբանման, 2018 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների նվազման հիմնական պատճառը եղել է ՀՀ պետական պարտքի մարման և սպասարկման համար վճարված շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարը:

Այդուհանդերձ, Կենտրոնական բանկը նշում է, որ «միջազգային պահուստների բավարար լինելու չափը չի որոշվում բացարձակ մեծությունով»:

«ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել  արտարժութային պահուստներին ներկայացվող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով»,– ասված է ԿԲ պարզաբանման մեջ։

Ըստ ԿԲ–ի Հայաստանն այս առումով ոչ միայն բավարարում է ԱՄՀ-ի կողմից ներկայացված ամենախիստ պահանջին, այլև գերազանցում է հարևան երկրներին։

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ վերջին 1 ամսում ՀՀ միջազգային պահուստները նվազել են 255 մլն դոլարով։  Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները կազմել են 1 մլրդ 994 մլն դոլար։

ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը` մեկնաբանելով այս տեղեկությունները, Sputnik Արմենիային հայտնել էր, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, նման դիտարկումները պետք է անել ոչ թե ամսվա, այլ տարվա կտրվածքով։