Հայ պատգամավորները թույլ կտան ուսանողներին ուսման վարձը վճարել ամիս առ ամիս

Ուսման վարձը միանվագ վճարելու անհնարինության պատճառով բազմաթիվ ուսանողներ դուրս են մնում բուհերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն ուսանողներին հնարավորություն կտան ամսական կտրվածքով վճարել ուսման վարձը։ Այսօր համապատասխան օրինագիծն ԱԺ–ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։

«Կրթության մասին» օրենքում շտկումները ենթադրում են, որ ուսանողները և նրանց ընտանիքները կարող են ամիս առ ամիս վճարել ուսման համար, այլ ոչ թե միանվագ կամ կես տարին մեկ։

Ուսանողներին կթույլատրե՞ն ուսման վարձը վճարել ամիս առ ամիս. նախագիծը մտավ ԱԺ օրակարգ

«Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կրթությունը մեր երկրում մատչելի լինի։ Դա կարևորագույն հարց է։ Առանց կիրթ, պատրաստված քաղաքացու երկիրը և ժողովուրդն ապագա չունեն», – երեկ օրինագիծը ներկայացնելու ընթացքում ասաց դրա նախաձեռնողներից մեկը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նրա խոսքով` առկա բարդ պայմաններում կան հասարակ մեխանիզմներ, որոնք օգնում են մի քիչ թեթևացնել ֆինանսական բեռն ուսանողների և նրանց ընտանիքների համար։

Նրա խոսքով` ուսանողներից ստացվել են հարյուրավոր նամակներ, հաղորդագրություններ ուսման վարձը մաս–մաս վճարելու հնարավորություն ապահովելու մասին։

«Կարող է թվալ, որ սա մեխանիկական փոփոխություն է, որը մեծ նշանակություն չունի։ Բայց դահլիճում կան ուսանողներ, որոնց հետ բուհերը խզել են պայմանագրերն այդ մեխանիզմի բացակայության պատճառով», – ասաց Ուրիխանյանը։

Նրա խոսքով` հիմա ամիս առ ամիս վճարելու համար ուսանողը պետք է դիմի ռեկտորատ, և երաշխիքներ չկան, որ նրա խնդրանքը կբավարարվի։

Խորհրդարանականը նշեց, որ ուսանողների համար ավելի հեշտ է ուսման համար վճարել 12 ամիսների ընթացքում` ընդհանուր վարձը բաժանելով ամսական վճարումների։