Եվրամիությունը Հայաստանին հարցեր չունի. Փաշինյան

ՀՀ վարչապետն ԱԺ–ում ներկայացրել է բրյուսելյան այցի ընթացքում ԵՄ–ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստան– ԵՄ հարաբերություններում աննախադեպ վիճակ է։ Այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով իր բրյուսելյան այցի մանրամասները։

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին

«Առաջին անգամ է, որ ԵՄ–ն ժողովրդավարության իրավիճակի մասին ընդհանրապես հարցեր չունի Հայաստանի Հանրապետությանը»,– ասաց նա` հավելելով, որ ԵՄ–ում չեն կասկածում Հայաստանի կառավարության` ժողովրդավարական փոփոխությունները մինչև վերջ տանելու վճռականությանը։

Եվրամիությունը, Փաշինյանի խոսքով, պատրաստ է ֆինանսապես աջակցել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։

«Ֆինանսական աջակցությունը մենք քննարկում ենք կապիտալ ներդրումների ու քաղաքական ենթակառուցվածքների համատեքստում»,– ասաց վարչապետը` հավելելով, որ ԵՄ–ն ՀՀ կառավարության առաջ համաֆինանսավորման պայման է դնում։

Հետևաբար ՀՀ իշխանության առաջ խնդիր է դրված պետական բյուջեի հաշվին կատարել ֆինանսական հատկացումները կամ մեծացնել պետական պարտքը։

Այս հարցում, նրա խոսքով, ՀՀ իշխանությունը պետք է քաղաքական որոշում կայացնի։