Ռուս սահմանապահներն ու ՀՀ ՊԵԿ աշխատակիցները թույլ չեն տվել, որ թմրանյութը մտնի Հայաստան

Համատեղ գործողությունների շրջանակում կանխել են թմրանյութերի ներմուծումը Հայաստանի տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, որը հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից:

Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք քաղաքացու, որոնք ավտոմեքենայով Իրանից են ուղևորվել:

Քաղաքացիներից մեկին զննելու ընթացքում հայտնաբերվել է մոխրագույն զանգված, ենթադրվում է՝ մետամֆետամին պարունակող երկու փաթեթ, ընդհանուր 109 գրամ քաշով:

Այժմ համապատասխան մարմիններն անհրաժեշտ գործողություններ են անցկացնում դեպքի հանգամանքները պարզելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: