«Հոկտեմբերի 27»–ը արժանի գնահատական պիտի ստանա. ՀՀ նախագահ

ՀՀ կառավարությունը Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոբելյանը նշելու համար 13 մլն դրամ է տրամադրել պաշտպանության նախարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր առավոտյան այցելել են «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։

Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղկեպսակներ դնելուց հետո ՀՀ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։

Ծնունդդ շնորհավոր, Վազգե՛ն. ՀՀ նախագահի գրառումը

«Վազգեն Սարգսյանը մեր ազգային պատմության հազարամյակների, հարյուրամյակների հսկաներից մեկն է»,– ասաց Արմեն Սարգսյանը` հավելելով, որ անձամբ ծանոթ է եղել Սպարապետի հետ։

«Ոչ միայն ճանաչել եմ, մենք լավ ընկերներ ենք եղել»,– ասաց նա։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին` Արմեն Սարգյանը կարծիք հայտնեց, որ այդ հանցագործությունը 20 տարի անց էլ դեռ չի ստացել արժանի գնահատականը։

«Հոկտեմբերի 27–ը ողբերգություն է մեր ազգային պատմության մեջ, և իր արժանի պատմական ու իրավական գնահատականը պիտի ստանա»,– ասաց նախագահը։

Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանն այսօր` մարտի 5-ին, կդառնար 60 տարեկան, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի հանցագործությունը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 40 տարեկանում, նա սպանվեց խորհրդարանի շենք մուտք գործած մի զինված խմբի կողմից։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը, որին ժողովուրդը «Սպարապետ» պատվանունով է կնքել:

Մինչև 1994 թվականը նա տարբեր կարգավիճակներում ու տարբեր պաշտոնններում մասնակցել է արցախյան ազատամարտին։ Արցախի համար օրհասական պահին հենց Վազգեն Սարգսյանի կոչով ստեղծվեց մահապարտների գունդը։

1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մարտը Վազգեն Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտպանության հարցերի գծով և ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնները: Դրանից հետո նա նշանակվել է ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար: Այս պաշտոններում Սարգսյանը մեծ դեր է ունեցել Հայաստանի բանակի կայացման գործում:

1995թ–ին նա Լևոն Տեր–Պետրոսյանի ոկղմից Վազգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար և այդ պաշտոնում աշխատել չորս տարի։ 1999թ–ի հունիսի 11–ին նա ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում։

Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Արցախի ազգային հերոսների բարձրագույն կոչման։