Հիլարի Քլինթոնը չի պայքարի ԱՄՆ նախագահի աթոռի համար

Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2020 թվականին չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի նախատեսում 2020 թվականին մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Ես չեմ առաջադրվելու, սակայն կշարունակեմ աշխատել, ասել և պաշտպանել այն, ինչին հավատում եմ», – նշել է Քլինթոնը։

Քլինթոնը և Բուշը. ԱՄՆ երկու նախկին նախագահների հանդիպումը և նվեր գուլպաները

Նա նաև կասկած է հայտնել, որ հավակնելու է որևէ այլ պաշտոնի։ Այժմ դեմոկրատները միայն մեկ ուժեղ թեկնածու ունեն` Բեռնի Սանդերսը, որին շատերը մեղադրում են սոցիալիզմի նկատմամբ մեծ սեր տածելու համար։ Ի դեպ, 2016 թվականի նախագահական ընտրություններին նախորդած կուսակցական ընտրություններում (բաց նախնական ընտրություն) հենց Քլինթոնն էր հաղթել նրան։

Ավելի վաղ` 2018 թվականի հոկտեմբերին, Քլինթոնը չէր բացառել, որ 2020 թվականին կրկին առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից պայքարում էր ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, սակայն հաղթանակ տարավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը։