ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Սպառազինությունների մրցավազքը, պարտադրված Հայաստանին նրա հակառակորդների կողմից, ավելորդ խնդիրներ է ստեղծում տարածաշրջանի համար: Այս մասին երկուշաբթի օրը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում ունեցած ելույթի ընթացքում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանում բարեփոխումների ներուժը զսպում են Հարավային Կովկասի հակամարտությունները։ Առաջին հերթին արցախյան չլուծված հակամարտությունը և տարածաշրջանում լարվածության պահպանումը նվազեցնում են ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի ներդրումային գրավչությունը։
«Երկրորդ, սպառազինությունների մրցավազքը` պարտադրված մեր հակառակորդների կողմից, լրացուցիչ բարդություններ է ստեղծում տարածաշրջանի համար։ Հայաստանը ստիպված է իր սահմանափակ պաշարների զգալի մասը հատկացնել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և բռնության նոր պոռթկումների կանխմանը», – ասել է Փաշինյանը։
Փակ սահմանները և տրանսպորտային շրջափակումը կրճատում են տնտեսության դիվերսիֆիկացիայի համար հնարավորությունները։ Իրանի դեմ պատժամիջոցները նույնպես բարդություն են ստեղծում Հայաստանի համար, նվազեցնում արտաքին հաղորդակցության երկու հնարավոր միջանցքներից մեկի հնարավորությունները։
«Կուզեի ընդգծել Եվրախորհրդարանի հավասարակշիռ մոտեցումը։ Կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբերի ջանքերը աջակցություն ունենան», – նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով` հակամարտության լուծման համար անհրաժեշտ է հասկանալ Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Այդ տարածաշրջանի բնակչությունն ավելի քան երկու տասնամյակ դե ֆակտո անկախ է ապրում։ Մեծացել է մարդկանց մի ամբողջ սերունդ, որոնք չեն կարող պատկերացնել այլ կյանք, բացի անկախությունից։
«Ես չեմ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ես` որպես Հայաստանի վարչապետ, ունեմ միայն ՀՀ բնակիչների մանդատը, բայց ոչ Արցախի հայերի, որոնք ունեն իրենց սահմանադրությունը և իրենց կառավարությունը», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` խաղաղ բանակցությունները կարող են զգալի առաջընթաց տալ միայն այն ժամանակ, երբ Արցախի ներկայացուցիչները նստեն բանակցությունների սեղանի շուրջ, և նրանց ձայնը լսելի կլինի։