ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանն ու Իրանը էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու համար աշխարհաքաղաքական ու ենթակառուցվածքային մի շարք խոչընդոտների են բախվում։ Այդ պատճառով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերջերս արված հայտարարությունը, որ երկիրը պատրաստ է ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները, այդքան էլ չի ոգևորել փորձագետներին։ Ինչպես ասում են, նրանք այդքան էլ չեն հավատում։
«Իրականում Թեհրանում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Հայաստանը միշտ էլ ասում էր, որ պատրաստ է ավելացնել իրանական գազի ձեռքբերման ծավալները` Իրանին տրվող էլեկտրաէներգիայի ծավալի ավելացման դիմաց։ Ինչ վերաբերում է գազի տարանցմանը դեպի Վրաստան, ապա դեռ մի քանի տարի առաջ փոքր ծավալներ են մատակարարվել, բայց գործը դրանից առաջ չի գնացել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտում մասնագետ Արմեն Մանվելյանը։
Մանվելյանը ցավով փաստեց, որ Երևանի ու Թեհրանի միջև էներգետիկ ծրագրերը չափազանց դանդաղ են առաջ գնում։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրողության մեջ լուջ չէ խոսել Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման մասին։ Նախ, Իրանը գազի արդյունահանման հետ խնդիրներ ունի։ Հետո էլ Եվրամիությունն առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել իրանական գազի նկատմամբ։ Գազի եվրոպական շուկան գերհագեցած է, ու անհասկանալի է` էլ ուր կարող է գնալ իրանական գազը Հայաստանի տարածքով։
Փորձագետն ընդգծեց, որ Երևանի կողմից գազի գնումների ծավալը մեծացնելը նույնպես խնդրահարույց է Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ Էլեկտրահաղորդման օդային գծերի շինարարության դանդաղ ընթացքի պատճառով։ Այդ ճանապարհով Երևանը պետք է իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիա մատակարարի։
Շինարարության ավարտի ժամկետները բազմիցս հետաձգվել են։ Այն նախատեսվում էր ավարտել մինչ 2018 թվականի վերջը, սակայն կատարվել է աշխատանքի միայն 20%–ը։
Վերադառնալով Վրաստանին` Մանվելյանը նշեց, որ Թբիլիսիում չափազանց զգայուն են Վաշինգտոնի արձագանքի նկատմամբ։ Իրանի դեմ ԱՄՆ–ի պատժամիջոցների խստացման պայմաններում դժվար է ասել` որքան հեռու կգնա Թբիլիսին Թեհրանի հետ համագործակցության հարցում։
Քաղաքագետ Ջոնի Մելիքյանը, սակայն, ավելի իրատեսական է համարում իրանական գազի Վրաստան իրականացվող սվոպային մատակարարումները։ Այստեղ հարկավոր է չորս կողմերի համաձայնությունը` Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի։ Քանի որ Հայաստանից Վրաստան իրանական գազի ենթակառուցվածքային հնարավորություններ չկան, ապա Թբիլիսին կարող էր վերցնել Հայաստան եկող ռուսական գազի մի մասը, իսկ պակասող մասը Հայաստանը կվերցնի Իրանից։
«Գազային մատակարարումների դիվերսիֆիկացիան Վրաստանի համար արդիական հարց է։ Այդ թեմայով համապատասխան հայտարարություններ արդեն արվել են։ Թբիլիսին կարող է Թեհրանի հետ հայ–իրանականի նման համաձայնագիր կնքել` գազը էլեկտրականության փոխարեն։ Սվոպային մատակարարումները թույլ կտան Վրաստանին լրացուցիչ գազ ստանալ ու Իրանին Հայաստանի միջոցով գազ մատակարարել` իրանական կողմի հետ առանց ուղղակի շփումների», – ասում է Մելիքյանը։
Փորձագետը կարծում է, որ այդ սխեմայի իրականացումն իրատեսական է, բայց կողմերի միջև լրացուցիչ բանակցությունների կարիք կա։