Չի կարելի հավատալ Փաշինյանի հայտարարություններին. Քոչարյանը` Ղարաբաղյան խնդրի մասին

«168 ժամի» հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ներկա իշխանությունների դիրքորոշմանն ու իր մտավախությունն հայտնել դրա վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Այս մասին ասել է կալանավայրում գտնվող ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`«168 ժամ» պարբերականի հետ զրույցում։

Բոլտոնը Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

«Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը  բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցությունները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք»,–նշել է Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ Ղարաբաղյան բանակցությունների ընթացքում հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։

ՀՀ 2–րդ նախագահը հատուկ ընդգծել է, որ Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Նա վստահ է, որ Ալիևը  հեշտությամբ առավելության է հասել Փաշինյանի նկատմամբ։

«Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար»,–ասել է Քոչարյանը։

Նա կարծում է, որ կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտակցված ընտրությո՞ւնը, թե՞ իր իրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ «Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»,–նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նոր հայտարարություն է տարածել

Անդրադառնալով մամուլում ու սոցցանցերում առկա այն տեսակետին, թե քանի Ռոբերտ Քոչարյանը բանտում է, իշխանությունները Արցախի հարցում գործարքի են գնալու, Քոչարյանը նշեց, որ այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։

«Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են»,–ասել է Քոչարյանը և հավելել, որ հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։

Հիշեցնենք` 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել  կալանավորումը:Որոշման համաձայն` նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեցև մինչ օրս գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։