Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին

Վարչապետն ընդգծել է, որ որպես մտավորական Մեսչյանի խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանի առթիվ:

«Ձեր ճարտարապետական և երաժշտական հեղինակային ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ուրույն ձեռագրով, համամարդկային արժեքներին հավատարմությամբ և խորությամբ իրենց մեծ հետքն են թողել հայ ժողովրդի մշակութային ժառանգության վրա։

Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին

Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակության համար ու բարձր գնահատվել ժողովրդի կողմից»,–ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում։

Նիկոլ Փաշինյանն իր ուրախությունն է հայտնել, որ Մեսչյանը շարունակում է իր ստեղծագործական  ակտիվ գործունեությունը՝ նպաստ բերելով մայրաքաղաք Երևանի զարգացման կարևոր գործին։

«Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն Մեսչյան, քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է ուղերձում։

Ճարտարապետ, երաժիշտ, բանաստեղծ, նկարիչ ԽՍՀՄ–ում 1–ին ռոք խմբի` «Առաքյալներ» հիմնադիր Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թվականին Երևանում։ 2011 թ.–ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։ 2018թ.–ին նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ։