ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Սպիտակագլուխ անգղ որսած տղամարդիկ ներկայացել են ոստիկանություն և բացատրություն տվել։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից, լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նշենք, երեկ econews.am բնապահպանական կայքը ինֆորմացիա էր հրապարակել սպիտակագլուխ անգղի հերթական որսի մասին։
Այս անգամ հավանաբար կրկին ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), որը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում Կայքը նշում է, որ լուսանկարում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սմբատ Հայրումյանն է, ով լուսանկարն ազատ համացանցային տարածք է բեռնել 2019թ.-ի փետրվարի 4-ին:
Խնդրին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
Հիշեցնենք, որ 2017թ.–ի հոկտեմբերի ևս գրանցվել էր սպիտակագլուխ անգղերի որս։