Անցումային արդարադատությունն անհայտ գազան է, դատարաններն էլ հետ են գնացել. Զոհրաբյան

Փաստաբաններին վիրավորում են, ծաղրում, սպառնում։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գնահատմամբ` հետհեղափոխական արդարադատությունը նահանջ է ապրել։ Իսկ անցումային արդարադատությունն ընդհանրապես գիտությանն անհայտ գազան է։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի դատական համակարգը մի քանի քայլ հետ է գնացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, գնահատելով հետհեղափոխական շրջանի արդարադատությունը, ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ես փաստաբանի աչքերով ասեմ` մենք նախկինում փաստաբանի նկատմամբ նման ճնշումներ չունեինք։ Դուք տեսաք, որ որոշ զգայուն քրեական գործերով փաստաբաններին վիրավորում էին, ծաղրում, ընդհուպ` սպառնալի գործողություններ էին իրականացնում։ Նման բան, օրինակ, նախկինում չկար։ Ինձ համար ցուցիչ են նաև այս գործերը, և ես գնահատելիս դա էլ եմ հաշվի առնում»,– ասաց Զոհրաբյանը։

Անցումային արդարադատություն. որքա՞ն խորն ենք փորելու

Նրա համոզմամբ` քաղաքական իրադարձությունները դատական համակարգին միշտ խոչընդոտում են։ «Երբ որ մենք ունենում ենք երկրում ինչ-որ քաղաքական սուր իրավիճակ, դատական համակարգը մի քանի քայլ հետ է գնում»։

Հետևաբար, Զոհրաբյանի խոսքով, պետությունը պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի քաղաքական անցուդարձը դատական համակարգի վրա չազդի, դատական համակարգը մնա կայուն ու անկախ, պահպանի իր զարգացման գիծը։

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության մասին իշխանությունների հայտարարություններին, Արա Զոհրաբյանը խոստովանեց` իր համար դա դեռևս «անհայտ գազան» է։

«Անցումային արդարադատությունը գիտությանն անհայտ մի գազան է ու ինձ համար կոնկրետ պարզ չէ։ Այն համատեքստում, ինչ ես պատկերացրեցի սկզբնական շրջանում, ինձ թվաց`լրացուցիչ դատական ատյան է սարքվում, այսպես կոչված` եռյակներ։ Եվ դա ինձ շատ անհանգստացրեց»,– ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ այս պահին, քանի դեռ հստակ հայեցակարգ չի ներկայացվել, ձեռնպահ կմնա ենթադրություններ անելուց։

«Դա կարող է լինել սովորական, դասական բարեփոխման ծրագիր, որի անունը դրել են «անցումային արդարադատություն»,– ասաց նա։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն «անցումային արդարադատության» մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ այն այժմ մշակվում է։

Անցումային արդարադատություն՝ չեղած ճգնաժամի դեմ. Փաշինյանի գաղափարը քննադատության տակ է

«Նախագծի տեսքով կա, դրա վրա խմբեր են աշխատում, որոնց անդամ ենք նաև ես, արդարադատության նախարարության թիմը։ Դրա վերաբերյալ դիտողություններ, առաջարկություններ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը` հարգալից կերպով, ակադեմիական ոճով, սրտացավորեն»,– ասաց Զեյնալյանը։

«Անցումային արդարադատության» հայեցակարգը հանրությանը կներկայացվի Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում։ Այս ռազմավարությունն առայժմ ևս մշակման փուլում է։

Ի դեպ, Դատաիրավական բարեփոխումների 2018-2023թթ. ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծ էր մշակվել նաև 2017թ.–ին` դեռևս նախկին իշխանությունների օրոք։

Այն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրությամբ և բացառապես անգլերեն լեզվով դեռ հրապարակված է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում` 22.01.2018 ամսաթվով։ Թեև նոր իշխանություններն այս բարեփոխումները չեն ընդունում ու մշակում են սեփական ռազմավարությունը` 2019-23թթ.–ի համար։