Միլիարդների չարաշահում, 1/3–ի վերադարձ. Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ–ի բացահայտումները

2018թ. մայիսի 8-ից 2019թ.–ի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում պետական բյուջե է վերականգնվել գրեթե 1/3–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Թավշյա հեղափոխությունից» հետո Պետեկամուտների կոմիտեի բացահայտած 32 միլիարդ դրամի չարաշահումներից պետությանը վերադարձվել է միայն 1/3-ը։

Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ովքե՞ր են ՊՎԾ–ի ձերբակալված աշխատակիցները. պարզաբանում է Դավիթ Սանասարյանը

Ըստ Sputnik Արմենիայի տրամադրված տեղեկատվության, 2018թ. մայիսի 8-ից 2019թ.–ի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննված հարկային պարտավորությունների և կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 32 047 358 778 ՀՀ դրամ։

Այս գումարից նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վերականգնվել գրեթե 1/3–ը` 9 457 603 490 դրամ։

«Պետական բյուջե կատարվել է ընդհանուր թվով 6 788 998 863 ՀՀ դրամի փաստացի վերականգնում, որից 1 850 066 157 ՀՀ դրամը կազմել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով վերականգնումը, իսկ 4 938 932 706 ՀՀ դրամը կազմել է հարկային պարտավորությունների խախտման հետ կապված վերականգնումը»,– հայտնում են ՊԵԿ–ից:

Եվս 2 668 604 627 դրամ էլ վերականգնվել է հետհեղափոխական շրջանում հարուցված 32 քրեական գործերի քննության ընթացքում, որոնք գումարի վերականգնումից հետո կարճվել են` հանցակազմի բացակայության հիմքով։