Հրազդանի նախկին քաղաքապետը վերականգնել է պետությանը պատճառած խոշոր վնասը

Երեկ` փետրվարի 26-ին, Արամ Դանիելյանը ձերբակալվել էր: Արդեն այսօր վերջինս ընդունել է իր մեղքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը վերականգնել է պետությանը պատճառած վնասը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը:

Վճարել և դուրս է եկել. գիշերը ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետը. «Ժողովուրդ»

Մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական  ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի փետրվարի 28-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել է: 2019 թվականի փետրվարի 28-ին վերջինս  ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված՝ 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:

Նախաքննությունը  շարունակվում է։