Թալինցիները ստիպված կլինեն հետ գնել իրենց վաճառած հողերը

ՀՀ նոր կառավարությունը խմբագրում է նախորդների կատարած քայլերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շուրջ առաջիկայում կարող է նոր աղմուկ բարձրանալ, այս անգամ` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շուրջ:

«Հյուսիս–հարավի» որակը ցածր է, գինը շարունակում է աճել. նախարարը պարզաբանեց խնդիրը

Բանն այն է, որ նախկին կառավարությունն այս հատվածի համար գերծախս է կատարել` «չնախատեսված ծախսերի» անվան տակ:

Այսպես` ՀՀ կառավարության 06.09.2012 որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել ծրագրի նպատակների համար չպահանջվող հողատարածքներ, քանի որ այդ հողատարածքների նախկին սեփականատերերը պետությունից պահանջել էին իրենց հողամասերը գնել ամբողջությամբ:

Ծրագրի համար չօգտագործվող այդ տարածքներն ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Այսօր կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկով կայացված որոշմամբ` այդ նախկին սեփականատերերին կառաջարկվի նույն գնով հետ վերցնել ճանապարհաշինության ծրագրում չօգտագործվող հողակտորները:

Ոչ թե մեկ միլիարդ, այլ երեք, բայց «Հյուսիս – Հարավ» նախագիծը կիրագործվի

Առաջարկը ընդունած անձանց դրանք կօտարվեն ուղղակի վաճառքի ձևով, մնացածները կդրվեն աճուրդի:

Նշենք, որ 2009 թվականին, երբ «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը նոր էր մեկնարկում, կառավարությունն այն գնահատել էր 962 միլիոն դոլար: 2017թ–ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ այն վերագնահատվել է 2 մլրդ դոլարի չափով։