Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Սարգսյան

ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` փետրվարի 28-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Բաքվում առաջ են մղում դեպքերի ամենաանհեթեթ վարկածը. փորձագետը` Սումգայիթի ջարդերի մասին

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ»,– ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։

«Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»:

Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

1988թ.–ի փետրվարի 27-29–ը Ադրբեջանի Սումգայիթ հայաբնակ քաղաքում տեղի ունեցած կոտորածների զոհ դարձան տասնյակ հայեր, հարյուրավորները վիրավորվեցին։

Այդ ողբերգությունը բեկումնային կետ դարձավ հայ–ադրբեջանական ազգամիջյան հակամարտության սրման մեջ և հանգեցրեց Սումգայիթից Արցախ ու Հայաստան հայ փախստականների առաջին հոսքերին։