«Ռուսաստանի ԱԳՆ–ն ռուս պատգամավորների Բաքու այցի կազմակերպիչը չէ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս պատգամավորները ինքնակազմակերպվել են Ադրբեջան մեկնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունն ինքնակազմակերպված է Ադրբեջան մեկնել։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է ի պատասխան հայ լրագրողի հարցի։

Անհասկանալի է ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը հակահայկական ակցիային. Միրզոյան

Փետրվարի 26-ին Բաքվում երթ է տեղի ունեցել նվիրված Խաջալուի իրադարձություններին։ Ակցիային մասնակցել են նաև ռուս պատգամավորներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևն ու Իրինա Ռոդնինան։ Մոսկվայում Դաշնային խորհրդի նիստում ելույթ ունենալու ժամանակ միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության վերաբերյալ դժգոհություն էին հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

«Արցախյան հակամարտությունը բազմաթիվ անմեղ մարդկանց` և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի մահ և տառապանք պատճառեց։ Ռուսաստանը միշտ այն մեծ ողբերգություն է համարել և շարունակում է համարել։ Ինձ թվում է, որ սա հայտնի դիրքորոշում է, սակայն ես կցանկանայի այն վերահաստատել», – նշել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով` Ռուսաստանը միշտ շահագրգռված է արցախյան հակամարտության կարգավորման հարցում։

«Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում այդ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում։ Մենք հետագայում ևս դրան առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Դուք նշեցիք, որ Բաքվի ակցիային ռուս պատգամավորներ են մասնակցել։ Ինձ թվում է, որ արդար կլիներ իրենց հարցնել, թե ինչպես են իրենք ինքնակազմակերպվել։ ՌԴ ԱԳՆ–ն այդ միջոցառման համակազմակերպիչ չի եղել», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` ավելի լավ է դիմել երթի մասնակիցներին և անձամբ նրանց ուղղել բոլոր հարցերը։ Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ–ի դիրքորոշումն անփոփոխ է։