Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին. ԱԱԾ–ն 22 միլիարդ հետ է բերել բյուջե

Ազգային անվտանգության ծառայության ենթակայությամբ քննվող կոռուպցիոն բնույթի և պետական միջոցների չարաշահումների քրեական գործերով պետական բյուջե է փոխանցվել 22 մլրդ դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելին` պարզվում է` Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։

ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ

«Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին»,– Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

Նա հաստատեց նաև մամուլում տարածված մեկ այլ տեղեկություն ևս։ Խոսքը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրատվության մասին է։ Ըստ ԱԱԾ–ի` Արմեն Ավետիսյանը քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է համապատասխան մարմիններին` Ծաղկաձորում գտնվող իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար։

Թե որքան է այս հյուրանոցի գնահատված արժեքը, ԱԱԾ–ն չի հստակեցնում, բայց ինչպես նոյեմբերի 28-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, դրա արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ «Այն պետք է հանել աճուրդի, և փողերը պետք է մուտքագրել պետբյուջե»,– ասել էր Փաշինյանը։

Մեկ այլ քրեական գործով էլ 3 մլրդ 37 մլն դրամ է վճարվել պետական բյուջե։ Թե որ քրեական գործի մասին է խոսքը և ով է վերականգնել չարաշահված գումարը, ԱԱԾ–ն չի հստակեցնում։

Հայտնի է միայն, որ այդ գումարի չարաշահման վերաբերյալ քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը` ներառյալ հարկային պարտավորությունները:

Ինչ վերաբերում է նախկինում գրպանված ու արդեն իսկ պետական բյուջե վերադարձված գումարներին, դրանք միայն ԱԱԾ տվյալներով կազմում են շուրջ 22 մլրդ դրամ։

Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը վերադարձնում է պետությանը. Փաշինյան

ԱԱԾ–ից Sputnik Արմենիային տրամադրած պաշտոնական տվյալներով`ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է 22 052 635 406 ՀՀ դրամ: Վերականգնված գումարները փոխանցվել են ՀՀ պետական բյուջե:

Միաժամանակ ԱԱԾ–ն հայտնում է, որ 2018թ. մայիսի 10-ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 32 023 492 827 ՀՀ դրամի չարաշահման դեպքեր:

Նշենք, որ հայտնաբերված չարաշահումներից 30 991 811 334 ՀՀ դրամը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով, 1 031 681 493 ՀՀ դրամի վերաբերյալ քրեական գործերն ԱԱԾ–ին են ուղարկվել ըստ ենթակայության քննություն իրականացնելու համար։

Ի դեպ, նշենք, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված այլ քրեական գործերով քննություն են իրականացնում է նաև այլ քննչական մարմիններում։