ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Մեզ համար անհասկանալի են ռուս պատգամավորների մոտիվները։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը`իր վրդովմունքն արտահայտելով Բաքվում տեղի ունեցած երթին ռուս պատգամավորների մասնակցության նկատմամբ։
Նա ընդգծել է, որ երթն ունեցել է հակահայկական բնույթ և նպատակ է ունեցել վնասել տարածաշրջանում վստահության և խաղաղության մթնոլորտը։
«Մեզ համար ընդհանրապես անհասկանալի են խորհրդարանականների մոտիվները, ինչի առթիվ են նրանք համերաշխություն հայտնում Բաքվին և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաներին, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչության մաս են կազմում։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք նպատակադրված ենք կառուցել բարեկամության կամուրջներ, անկեղծ և դաշնակցային հարաբերություններ և հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան հակահայկական շարժմանը խորհրդարանականների մասնակցությանը, որի նպատակը անվստահության սերմանումն է»,-նշել է Տողանյանը։
Հիշեցնենք, որ Բաքվում տեղի ունեցած երթին մասնակցել են Իրինա Ռոդնինան, Ալեքսեյ Ժուռավլևը, Միխայիլ Եմելյանովը, Օքսաննա Պուշկինան, Տատյանա Ցիբիզովան, Դմիտրի Սոլովյովը, Դենիս Պարֆյոնովը։ Բացի պատգամավորներից երթին մասնակցել են նաև ռուս փորձագետներ Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Շատիլովը, Ալեքսանդր Ռուսնակը, Սերգեյ Մարկովը, Ալեքսեյ Բիչկովը, Դարյա Գրեվցովան։