ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում մինչ օրս Հայաստանը գրանցել է 6 ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք։ Sputnik Արմենիայի եթերում Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը ասում է, որ ցանկերի համալրումը ենթադրում է ոչ նյութական մշակութային արժեքների գույքագրում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտեր ներկայացնելու հանգամանքով։
Նրա խոսքով` սկզբում ընդունվում և լսվում են տարբեր առաջարկներ։ Առաջարկներ կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիները, որոնք շահագրգռված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ, ՀԿ–ները, տարբեր գերատեսչությունները։
Քննարկումներից հետո ստեղծվում է ոչ նյութական ժառանգության արժեքների ցանկ, դրանից հետո երկիրը հայտ է ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայան։
«Այսօր պաշտոնական Երևանը պետք է որոշի այս կամ արժեքի առաջնահերթության հարցը, քանի որ ցանկացած պետություն ՅՈՒԵՆՍԿՕ կարող է ներկայացնել տարեկան առավելագույնը մեկ արժեք»,–ասում է պատասխանատուն։
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկվել են հինգ ոչ նյութական մշակութային արժեք՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»: