Գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանել են

Կողոպտիչը կամ կողոպտիչները տարել են թանկարժեք իրեր, բնանկարներ և «Վինչեստեր» տիպի հրացանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը փետրվարի 24-ին դիմել է Վաղարշապատի բաժին և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, այնուհետև մտնելով ներս, հայտնաբերել է տունը տակնուվրա արված:

Մանվել Գրիգորյանի գործի նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան

Ըստ shamshyan.com–ի` Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տան սենյակներից գողացել են տարբեր տեսակի իրեր, առարկաներ, բնանկարներ և այլ թանկարժեք ապրանքներ:

Նրանք գողացել են նաև ամուսնուն` Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստները, ինչպես նաև «Վինչեստեր» տիպի հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ:

Կայքի տեղեկություններով՝ Կ. Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: