Գագիկ Սուրենյանը զգուշացնում է` ցրտելու է. արկտիկական օդային հոսանքներ են գալիս Հայաստան

Առաջիկա երկու օրերին Հայաստանում դարձյալ ձմեռային եղանակ կհաստատվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,– գրում է նա։

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար նվազելու է 8-10 աստիճանով։

Հիշեցնենք` հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Երևանում ևս փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով:

Մարտի 1-ից հետո ջերմաստիճանը դարձյալ աստիճանաբար կբարձրանա։