ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ռուսական ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերումը սպառազինության մրցավազքի հետ կապված ասիմետրիկ պատասխան էր Ադրբեջանին.Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄԷ–ում անցկացվող IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ընթացքում հայտնեց այն մասին, որ Երևանը կցանկանար 12 հատ ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռք բերել։
Հարությունովի խոսքով` Հայաստանը մինչև վերջերս սիմետրիկ պատասխան էր տալիս Ադրբեջանի գնումներին։
«Ինքնաթիռների ձեռքբերումը ասիմետրիկ պատասխան էր։ Այս անգամ սպառազինության մրցապայքարում մենք սահմանեցինք ուղղությունը», – ասաց Հարությունովը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից ստացվող հավանական նոր պաշտպանական վարկին, ապա, փորձագետի խոսքով, այն ծախսելու համար բավական ուղղություններ կան։
Հայաստանը անհրաժեշտություն ունի թարմացնելու ցամաքային տեխնիկայի, հրթիռային և հրետանային համակարգերի մի մասը, ուժեղացնել զորքերի մոբիլությունը և այլն։
«Չեմ բացառում, որ նոր վարկը վերջինը չի լինի», – ասաց Հարությունովը։
Նրա խոսքով` Ադրբեջանը դեռ գերազանցում է քանակային առումով, սակայն որակի և երկրի սպառազինության տեսակների հարաբերակցության առումով գրեթե նույն մակարդակի վրա են։ Վերջին 6-7 տարիների ընթացքում Բաքուն փոքր–ինչ առաջ է անցել մի քանի ուղղություններով, սակայն 2016 թվականի ապրիլից այդ տարբերությունը աստիճանաբար հավասարեցվում է։
Երբ սպառազինությունը համալրվի ՍՈւ-30ՍՄ–ներով, Հայաստանը որոշակի առավելություն կունենա, կարծում է փորձագետը։
Ռազմական նշանակության արտադրանքի ֆինանսավորման համար Մոսկվայից առաջին անգամ Հայաստանն արտահանման վարկ էր ստացել 200 մլն դոլարի չափով։ 100 մլն դոլարի ընդհանուր գումարի չափով վերջին համաձայնագիրը վավերացվել էր ՀՀ ԱԺ–ի կողմից 2017 թվականի վերջին։ Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրվում է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով և 15 տարի մարման ժամկետով (2023-2037)։ Հայաստանը պետք է վարկային միջոցներն օգտագործի 2018–2022 թվականներին։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ավելի վաղ հատկացրած ռուսական 100 մլն դոլարի չափով վարկի շրջանակում սպառազինություն ձեռք բերելու գործընթացն իրականացման փուլում է։